Մենք ապրում ենք անընդհատ ձայնի աշխարհում, խուսափել դրանից կամ լռեցնել այն չենք կարող: Բարձր ու ցածր, հաճելի ու տհաճ ձայներն ամենուր են: Մարդիկ դեռ հնուց ոչ միայն մեր կենսակերպի այս առանձնահատկությունը ընդունել են ի փաստ, այլև ուսումնասիրել գիտական մակարդակում:
«Շոու մաստեր» ընկերությունը ճարտարապետական և շինարարական ակուստիկայով զբաղվող ընկերություն է, այստեղ ձայնը ճանաչում են գիտական մակարդակով, կարողանում են կառավարել ձայնը, պաշտպանել ձայնից՝ կիրառելով գիտական նորագույն տեխնոլոգիաներն ու մեթոդները: Ակուստիկան՝ որպես ապրելու հարմարավետ միջավայր ստեղծող գիտություն, փորձել ենք բացահայտել «Շոու մաստեր» ընկերության հիմնադիր Զորիկ և Արտյոմ Սահակյանների հետ:
-Կարո՞ղ ենք պատմական փոքրիկ էքսկուրս անել՝ հասկանալու համար որքան հին է ակուստիկա կոչվող գիտությունը:
-Մեր էքսկուրսը պիտի սկսենք Հին Հունաստանից, որտեղ նախ մաթեմատիկոս և փիլիսոփա Պյութագորասը (Ք.ա. 6-րդ դ.), հետո Արիստոտելը իրենց աշխատություններում անդրադարձան ակուստիկ որոշ խնդիրներին: Այդ ակուստիկ գիտելիքները գործնական կիրառություն են ստացել Հին Հունաստանի և Հռոմի բաց թատրոնները կառուցելիս: Վերածննդի դարաշրջանում ձայնային ալիքները քննել է Լեոնարդո դա Վինչին (15-16-րդ դդ.): Ակուստիկ գիտական պարբերական ուսումնասիրություններ կատարվել են 17-րդ դարի սկզբից: Մինչև 20-րդ դարը այն ուսումնասիրվում էր որպես մեխանիկայի ճյուղ: Լուրջ ուշադրություն սկսեցին դարձնել ակուստիկային՝ մարդասիրական մի շարք դրսևորումներից ելնելով: Մարդու առողջության վրա շատ մեծ ազդեցություն ունի բարձր ձայնը կամ աղմուկը, հանգստի խանգարումը, իսկ հոգեբանորեն՝ վախի և խուճապի առաջացման հիմնական պատճառներից է: Օրինակ, Հայրենական պատերազմի ժամանակ սովետական բանակը ուժգին և անսպասելի ձայնի միջոցով խուճապ էր առաջացնում՝ կիրառելով ահազանգման սարքերը որպես զենք: Ակուստիկայի նորագույն պատմությունը և նրա զարգացում՝ը որպես առանձին գիտաճյուղ, սկսվում է 20-րդ դ. 20-ական թթ՝ կապված էլեկտրաակուստիկայի զարգացմամբ և ռադիոտեխնիկայի ու ռադիոհեռարձակման ստեղծմամբ: Դրանք ակուստիկայի առջև նոր խնդիրներ դրեցին և զարգացման նոր հեռանկարներ բացեցին: Այն ուսումնասիրվում էր ռազմական ոլորտի համար՝ ինքնաթիռի դիրքի և արագության (օդում ձայնային տեղակայում), սուզանավերի (հիդրոտեղակայում) դիրքի որոշում, պայթյունի վայրի, ժամանակի և բնույթի որոշում, ինքնաթիռի ձայնի խլացում: Բոլոր այս խնդիրները պահանջում էին ձայնի առաջացման ու կլանման, ձայնային ալիքների տարածման մեխանիզմների ավելի խոր ուսումնասիրություն:
— Այսօր առավելապես ի՞նչ ուղիներով է զարգանում ակուստիկան:
-Ժամանակակից ակուստիկայում առանձնացնում են ընդհանուր, կիրառական և հոգեֆիզիոլոգիական ճյուղեր: Ընդհանուր ակուստիկան զբաղվում է ձայնի տեսությամբ ու ֆիզիկայով: Հոգեֆիզիոլոգիական ակուստիկան զբաղվում է մարդու և կենդանիների ձայնի, խոսքի ձևավորման, փոխանցման և ընկալման խնդիրներով: Արդյունքները օգտագործվում են էլեկտրաակուստիկայում, ճարտարապետական ակուստիկայում, խոսքի փոխանցման և կապի տեսության, երաժշտության, բժշկության, բիոֆիզիկայի և այլ ոլորտներում: Կիրառական ակուստիկան շատ ավելի ընդգրկուն ոլորտ է՝ էլեկտրաակուստիկա, հիդրոակուստիկա, հիդրոլոկացիա, մթնոլորտային ակուստիկա, գեոակուստիկա, ուլտրաձայն: Այս ուղղությունը հսկայական կիրառական նշանակություն ունի արտադրությունում, տրանսպորտում, բժշկությունում: Կիրառական ակուստիկայի ճյուղ է նաև ճարտարապետական և շինարարական ակուստիկան, որի մեջ էլ մասնագիտացած ենք մենք:
-Իսկ ի՞նչ տարբերություն կա ճարտարապետական և շինարարական ակուստիկաների միջև:
-Ճարտարապետական ակուստիկան ուսումնասիրում է ձայնային ալիքների տարածումը շենքում, դրանց արտահայտումը և կլանումը մակերեսների կողմից, ալիքների անդրադարձումների ազդեցությունը խոսքի և երաժշտության լսելիության վրա: Այն կիրառվում է համերգասրահներում, թատրոններում, ձայնագրման ստուդիաներում, մի խոսքով այնտեղ, որտեղ կարևոր են ձայնի լավ հնչողությունը և լսելիությունը: Ճարտարապետական ակուստիկայում հետազոտությունները նպատակ ունեն ստեղծել տարածքների (թատերական, կինոհամերգային, լսարանային, ձայնագրման և այլն) նախագծման եղանակներ՝ նախատեսելով լսելիության լավ պայմաններ: Իսկ շինարարական ակուստիկան ուսումնասիրում է բնակելի, արտադրական շենք-շինությունները արտաքին և ներքին աղմուկից ձայնամեկուսացնելու խնդիրները՝ ճարտարապետանախագծային և շինարարական-ակուստիկ մեթոդներով: Վառ օրինակ են մագիստրալները, որոնք մայրուղու երկայնքով կառուցվում են՝ պաշտպանելու հարակից բնակելի տարածքները աղկումից: Ճարտարապետանախագծային մեթոդներ են շենքերի՝ աղմուկից պաշտպանող ծավալային նախագծային լուծումները, աղմուկի աղբյուրների վերացումը, միկրոշրջանների, բնակելի թաղամասերի, արտադրական տարածքների օպտիմալ պլանավորումը: Շինարարական ակուստիկ մեթոդները ներառում են այնպիսի կոնստրուկցիաներ և նյութեր, որոնք ապահովում են աղմուկի մակարդակի արդյունավետ նվազեցումը:
-Ի՞նչ է պետք հարմարավետ ակուստիկ միջավայր նախագծելու համար:
-Ցանկացած նշանակության շենքում ակուստիկ կոմֆորտի ստեղծումը նախատեսում է երեք գործոնների ներդաշնակ համադրություն՝ խոսքի բարձր պարզորոշություն, աղմուկի ցածր ֆոն և բավարար ձայնամեկուսացում – ձայնակլանում: Լավ ակուստիկա ունեցող տարածքում օգտակար ձայները ընդգծվում են, իսկ անցանկալի ձայները հեռացվում կամ խլացվում այն աստիճան, որ չանհանգստացնեն: Հարմարավետ ակուստիկ միջավայր նախագծելու համար պետք է խոր գիտելիքներ ունենալ շինարարությունում օգտագործվող նյութերի և կոնստրուկցիաների ակուստիկ հատկությունների մասին՝ մի կողմից տարբեր նյութեր համեմատելու համար, մյուս կողմից՝ կոնկրետ իրավիճակում տվյալ տարածքում սպասելի ակուստիկ հատկությունները հաշվարկելու համար:
-Հայաստանում հարմարավետ ակուստիկ միջավայր ստեղծելու մշակույթ կամ պահանջ կա՞ ձևավորված:
-Ճարտարապետական և շինարարական ակուստիկայով Հայաստանում խոր մասնագիտական՝ տեսական և պրակտիկ մակարդակով զբաղվում ենք միայն մենք և կարող ենք վստահ արձանագրել, որ վերջին շրջանում պատվիրատուները, ճարտարապետերն ու կառուցապատողները ավելի հաճախ են մեզ դիմում թե՛ արդեն կառուցված տարածքի ակուստիկայի շտկման աշխատանքների, թե՛ նոր կառուցվող շինության ձայնամեկուսացման ու ակուստիկայի խնդիրների նախագծման համար: «Շոու մաստերի» մասնագետները տրամադրում են պրոֆեսիոնալ խորհրդատվական ծառայություններ, իրականացնում ակուստիկ հաշվարկներ, ակուստիկայի շտկման համալիր միջոցառումներ, մշակում են տարբեր բարդության ակուստիկ նախագծեր համերգասրահների, կինոթատրոնների, ձայնագրման ստուդիաների, բնակարանների, շենքերի, գրասենյակների, կոնֆերանս-սրահների, լսարանների, ռեստորանների, գիշերային ակումբների, բոուլինգների, մարզասրահների օդանավակայանների և կայարանների համար: Ի դեպ մենք մեր բազայում ունենք ակուստիկ նյութերի բավական լայն տեսականի. դա թույլ է տալիս ակուստիկ լուծումներն այնպես իրականացնել, որ դրանք ձուլվեն ընդհանուր ճարտարապետական մտահղացմանն ու դիզայնին:
-Իսկ որտե՞ղ են ուսուցանում ճարտարապետական կամ շինարարական ակուստիկա, ովքե՞ր են այս ուղղության գիտական հայրերը:
-Խորհրդային Միության տարիներին թե՛ Մոսկվայում ու Պետերբուրգում, թե՛ Երևանում գործում էին ակուստիկայի խնդիրներով զբաղվող առանձին ինստիտուտներ: Հայաստանում գործում էր Ակուստիկայի գիտական կենտրոն: Բայց դրանք ընդհանուր ակուստիկայի խնդիրներով են զբաղվում: Կոնկրետ ճարտարապետական ու շինարարական ակուստիկա ուսուցանող հաստատություններ ամբողջ աշխարհում քիչ են : Ընդհանրապես ճարտարապետական ակուստիկայի նախահայր է համարվում ամերիկացի գիտնական Ու. Սեբինը դեռ 19-րդ դարի վերջին տասնամյակում: Նրանից հետո այդ ոլորտի գիտական հայր է համարվում Անարտը, որի ղեկավարած դասընթացին Գերմանիայում մասնակցել է մեր ակուստիկ ինժեներ Արտյոմ Սահակյանը: Իսկ հիմնական վերամասնագիտացում ճարտարապետական ակուստիկայի գծով նա մինչ այդ ստացել էր Սանկտ Պետերբուրգի Ա. Ս. Պոպովի անվ. ակուստիկայի ինստիտուտում, որտեղ նրան դասավանդել է ԱՊՀ տարածաշրջանում մեծ ճանաչում ունեցող, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ Իրինա Ալդոշինան: Լավ ակուստիկ ինժեները պետք է լավ տիրապետի ակուստիկայի ֆիզիկային, ունենա նուրբ լսողություն և տեխնիկական գիտելիքներ: Այս մասնագիտությանը լիարժեք ու գիտական մակարդակով տիրապետելու և կիրառելու համար տարիների փորձ է պետք, երկարատև, քրտնաջան ու համառ աշխատանք, որը ձեռք է բերվում մասնագիտության հանդեպ մեծ սիրո և նվիրման արդյունքում:
«Շոու մաստերն» այսօր Հայաստանում շոու տեխնոլոգիաների բնագավառում գիտական շեշտադրմամբ զբաղվող միակ ընկերությունն է: Այն Հայաստան է բերում գիտական ցանկացած նորություն, իր աշխատողներին ուղարկում է տարբեր վերապատրաստողական ծրագրերի մասնակցելու՝ հայկական շոու տեխնոլոգիաների ոլորտը որակապես ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: