Search
Close this search box.

15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստը պարբերաբար ընդմիջվում է․ վկայի պատասխանները հունից հանում են ծնողներին

Սևանի դատարանում Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով վկա Արսեն Սողոմոնյանի հարցաքննության ընթացքում կրքերը պարբերաբար բորբոքվում են։

Ծնողները հունից դուրս են գալիս վկայի տված պատասխաններից։

«Հնարավոր չեմ համարում, որ այդ կրակի մեջ կարելի էր 12 րոպե մնալ ու պայքարել»,- պատասխանեց վկան՝ հակադարձելով ամբաստանյալ Եղիշե Հակոբյանի այն ցուցմունքին, թե նա 15 րոպե պայքարել է կրակը մարելու համար։

«Որտեղի՞ց գիտես, որ ասում ես՝ հնարավոր չէ»,- հարցրեց զոհվածի հայրը, ինչին սակայն Արսեն Սողոմոնյանը չարձագանքեց։

Սկսվեց վիճաբանություն ծնողների և վկայի միջև, դատարանը կրկին ընդմիջում հայտարարեց։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։

 

Please enter a valid URL