Search
Close this search box.

Ցուցահանդես՝ բեկված հոգու և լույսի ներքո

Լևոն Գալչյանի աշխատանքները առաջին հերթին զարմացրեցին բոլորին: Մտքի թռիչքը խոսում էր նրա բազմաբովանդակ ներաշխարհի և ժամանակի վկայականներով: Լուսահոգի արվեստագետի ստեղծագործություններն ընդգրկում են ապակյա հուլունքներով և անտաշ բյուրեղապակով զարդարված լույսեր, ձուլածո բրոնզով մեծ ու փոքր մոմակալներ, բազկաթոռներ, սեղաններ և այլն: Բոլոր ստեղծագործությունները հնարավոր չի եղել ցուցադրել, քանի որ շատերը վաճառվել են կամ գտնվում են աշխարհի տարբեր պատկերասրահներում:

Անվանի դիզայները ծնողներին խոստացել էր՝ գալու է ժամանակ, որ իրենով հպարտանալու են: Չնայած հեռու գտնվելով հայրենիքից՝ նրա ստեղծագործություններում հայկականությունը գերակշիռ դեր է ունեցել: Ցուցահանդեսի բացումը սկսվեց հարյուրավոր արվեստասերների ներկայությամբ:

Լևոն ԳԱԼՉՅԱՆ կամ ԳԱԼԻՉՅԱՆ (1965-2004) Ծնվել է Թեհրանում, արվեստասեր և երաժշտասեր ընտանիքում: 1979-ից փոխադրվելով Լոնդոն, բարձրագույն կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում, ապա՝ Իտալիայում: 1987 թ.-ից աշխատել է որպես կտորի և նորաձևության դիզայներ՝ Լոնդոնի և Իտալիայի տարբեր արվեստանոցներում, պատրաստել է հազարից ավել կտորի դիզայնի օրինակներ, որոնք վաճառում էր հագուստի, կահույքի, թղթերի և վարագույրի կտորների գործարաններին: Նրա աշխատանքները հրատարակվել են մի քանի նորաձևության ամսագրերում:

Փոլ Մաք-Քարթնիի շրջագայության համար պատրաստել է զգեստների էսքիզներ: Ապա սկսել է պատրաստել ապակյա ուլունքներով և անտաշ բյուրեղապակով զարդարված լույսեր, որոնք տեղադրվել են Մոսկվայի Մետրոպոլ հյուրանոցում, Նյու Յորքի Քրիստիան Դիորի 5-րդ պողոտայի խանութի ցուցափեղկում և այլուր: Ապա սկսել է աշխատել ձուլածո բրոնզով, պատրաստելով մեծ ու փոքր մոմակալներ, բազկաթոռներ, սեղաններ, սեղանին և հատակին դրվող լույսեր, ջահեր և հատկապես ստվերների լույսեր, որոնցից օրինակներ կան ցուցահանդեսում: Նրա բրոնզե իրերը տեղ են գտել հայտնի արվեստագետների բնակարաներում:

Լևոն Գալիչյանի անհատական ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 20-ը:

Արեգ ԳՐԻԳ

Please enter a valid URL