ԱՄՆ-ում ներկերի արտադրության մեջ մասնագիտացած Behr Paint ընկերությունն աշխատակցի է փնտրում, որն ամբողջ ամռան ընթացքում կճամփորդի ԱՄՆ-ում և Կանադայում՝ անսովոր երանգներ փնտրելով, հաղորդում է Lonely Planet հարթակը:
Հաջողակ թեկնածուին հնարավորություն կընձեռնվի «գույների հետազոտողի»՝ ընկերության պատմության մեջ առաջին պաշտոնը ստանձնելու, որը կօգնի ընկերությանը ներկերի նոր երանգներ ստանալ: Ամռան երեք ամիսներին ճամփորդությունների համար աշխատակցին 10 հազար դոլար կվճարվի՝ չհաշված թռիչքների և կացարանի ծախսերը:
Ընկերության փոխտնօրենի խոսքով՝ նրանք ակնկալում են ապագա աշխատակցից առաջարկված յուրաքանչյուր անսովոր երանգի մասին փոքրիկ պատմություն լսել: Աշխատանքի համար դիմումները կարելի է ներկայացնել մինչև մայիսի 15-ը: Թեկնածուն պետք է ԱՄՆ-ի կամ Կանադայի բնակիչ լինի՝ առնվազն 21 տարեկան: