ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Վերջին ամիսներին հարկ չէի համարում արձագանքել Քրեակատարողական ծառայության և «ԵՐԵՎԱՆ-ԿԵՆՏՐՈՆ» ՔԿՀ նախկին պետերին զբաղեցրած պաշտոններից ազատելը ինձ վերագրվող «միջադեպի» հետ կապելու մասին բազմաթիվ ուղորդված մանիպուլատիվ հրապարակումներին: Սակայն փետրվարի 14-ին կայացած Քրեակատարողական ծառայության 2023 թ․ գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն անարձագանք թողնել չեմ կարող:
Ի սկզբանե պարզ էր, որ թեմայի շուրջ «կիսաճիշտ» հրապարակումներն ուղորդվում են անձամբ վարչապետի կողմից, ինչը փետրվարի 14-ին փաստացի հաստատեց ինքն անձամբ: Զավեշտալին այն է, որ վարչապետը փորձում էր դա քողարկել «պետության հեղինակության» մասին հոգ տանելու եւ «օրենքի հանդեպ վերաբերմունք» ձեւավորելու անհրաժեշտությամբ:
Հիշյալ խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանի և Արդարադատության նախարարի ելույթներով հիմնավորվեց 2 կարևոր փաստ: Նախ այն, որ իմ նկատմամբ քրեական հետապնդումն ունի քաղաքական ենթատեքստ, ուղղորդվում է անձամբ Փաշինյանի կողմից և այդ միջամտությունը այն աստիճան խորն է, որ վերջինս հետևում է իմ բոլոր քայլերին, այդ թվում՝ մորս հետ տեսակցություններին և այդ մասին չի խորշում խոսել հրապարակայնորեն:
Թե ինչու է իմ նկատմամբ քրեական հետապնդումը կրում քաղաքական բնույթ, կարծում եմ, բոլորին էլ պարզ է։ Իսկ ինձ տրամադրված կարճաժամկետ մեկնման ընթացքի հանդեպ Փաշինյանի սևեռուն ուշադրությունը, համոզված եմ, կապված էր իմ` ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստերում արտահայտված մտքերի և դիրքորոշումների հետ: Հիմնական «մտահոգիչ» պատասխանները հանրային չեն եղել և դրանց չհրապարակելը բխում է բացառապես ՀՀ անվտանգության ապահովման և ազգային շահերից եւ պայմանավորված չէ վարչապետի կերպարին չվնասելու «մտավախությամբ»: Հատկապես, որ դժվար է հավելյալ վնաս հասցնել անձի, որը չի խորշում անգամ դեպքից շուրջ 6,5 ամիս անց ներխուժել անձնական տարածք եւ շահարկման առարկա դարձնել այն, ինչը սրբություն է բոլոր նորմալ մարդկանց համար:
Երկրորդ կարևոր փաստն այն էր, որ հիշյալ խորհրդակցության ժամանակ Արդարադատության նախարարն անդրադարձել է դատավորի «խնդրահարույց որոշմանը»՝ փաստացի հաստատելով, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ ԱԺ մեկնելիս և վերադառնալիս թե իմ, թե Քրեակատարողական ծառայության աշխատակիցների տրամադրության տակ եղել է բացառապես ինձ կարճաժամկետ մեկնում տրամադրելու մասին դատարանի 2023 թվականի հուլիսի 27-ին կայացված որոշման եզրափակիչ մասի քաղվածքը, ըստ որի դատարանը ինձ իրավունք էր վերապահել հանձնաժողովի աշխատանքներից դուրս առնվազն երկու ժամ լինել կարճաժամկետ մեկնման մեջ, ինչն էլ օգտագործելով՝ նախընտրել եմ հանդիպել մորս: Միգուցե այդ ժամանակը տրամադրվել էր այլ նպատակների համար, որը, սակայն որոշման մեջ հասկանալի պատճառներով չէր ընդգրկվել և փայլուն օգտագործվել է իմ և ՔԿՀ աշխատակիցների դեմ:
Այսինքն, օգոստոսի 1-ին ո՛չ իմ, ո՛չ Քրեակատարողական ծառայության աշխատակիցների գործողությունները չեն հակասել ո՛չ օրենքին, ո՛չ առկա որոշմանը: Այս առումով, միգուցե կարիք կա, որ Արդարադատության նախարարը վարչապետին լրացուցիչ ներկայացնի «կարճաժամկետ մեկնում» գործիքակազմի մանրամասները: Իսկ իմ գործը քննող, առանց այդ էլ անկողմնակալությամբ չփայլող դատավորի կողմից կայացված որոշումը վարչապետի մասնակցությամբ նախարարի կողմից «խնդրահարույց» որակելն ու այդ կապակցությամբ ինչ-որ շարունակական ուսումնասիրության մասին հայտարարություններն անցնում են բացահայտ ճնշման սահմանները և հաստատում հանրության աչքից հեռու, իմ կամքին հակառակ հանրությունից ծածուկ իրականացվող փակ դատավարության ընթացքը գործադրի կողմից ուղղորդված լինելը:
Կարծում եմ, որ որևէ գիտակից մարդ՝ հետևելով գործով զարգացումներին և ծանոթանալով նշված խորհրդակցությունը, այլևս չի կարող հավատալ, որ իմ գործը շինծու և հրահանգավորված չէ, իմ նկատմամբ կալանքն օրինական է և հնարավորություն կա արդարադատություն իրականացնելու:
Հ.Գ. Վարչապետին կամ իր խորհրդականներին նաեւ խորհուրդ կտամ մինչ «ընդհուպ արձակուրդ» տրամադրելու իրավասության մասին հրապարակային հայտարարություններ կատարելը ուշադիր ուսումնասիրել կալանավորված անձանց մասին օրենսդրությունը և այն, թե արդյո՞ք այդպիսին գոյություն ունի ՀՀ օրենսդրության մեջ»: