Նախքան Հայաստան ադրբեջանական զորքերի հարձակումից փախչելը, Սուրեն Մարտիրոսյանը վերջին անգամ հետ է նայել Լեռնային Ղարաբաղում գտնվող իր պտղատու այգուն, և այդ ժամանակից ի վեր այդ տեսարանը հետապնդում է նրան:
«Մեր գեղեցիկ այգու պատկերը, որը ես վերջին անգամ տեսել եմ, դեռևս աչքիս առաջ է. Նուռն ու արքայանարինջը փայլում էին ծառերի վրա՝ պայծառ արևի տակ», — ասում է նա՝ նայելով իր կոշտ ձեռքերին, հաղորդում է AFP-ն:
65-ամյա տղամարդու 8 հոգանոց ընտանիքն ավելի քան 100 հազար էթնիկ հայերի թվում է, որոնք փախել են Ղարաբաղից այն բանից հետո, երբ Ադրբեջանը սեպտեմբերյան կայծակնային հարձակման ժամանակ գրավեց վաղուց վիճելի տարածաշրջանը: Լեռնային անկլավից ողջ հայ բնակչության արտագաղթը Հայաստանում փախստականների ճգնաժամի պատճառ դարձավ։
«Սեպտեմբերի 19-ին մեր տնից քիչ հեռու լսեցինք գնդացիրների կրակոցներ ու հրետանու արկերի պայթյուններ»,-պատմում է Սուրենի հարսը ՝ Արևիկը։ «Սկզբում մենք մտածում էինք, որ սա հերթական բախումն է թուրքերի հետ (նկատի ունենալով ադրբեջանցիներին), բայց հետո եկավ մեր գյուղապետն ու ասաց, որ բոլորս պետք է փախչենք, քանի որ թուրքերն արդեն գյուղի սկզբնամասում են»,- հավելում է նա։
Այժմ Մարտիրոսյաններն ապրում են պետական օգնության շնորհիվ վարձակալած խարխուլ տանը՝ Երևանից մոտ 50 կմ հեռավորության վրա գտնվող Նոյակերտ գյուղում։
Սուրենը ռուս խաղաղապահներին և Հայաստանի կառավարությանը մեղադրում է Ղարաբաղի Հանրապետության անկման մեջ․ «Մեր բանակը քաջաբար մարտնչել է՝ պաշտպանելով մեր հայրենիքը, հենց Ռուսաստանն ու Հայաստանի կառավարությունն են պարտվել Ղարաբաղում»:
Սեպտեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ մինչև տարեվերջ հանրապետությունը «կդադարի գոյություն ունենալ»։ Բայց նա անսպասելի հրաժարվել է դրանից Երևանում արված իր մեկնաբանություններում։
Դա տեղում որևէ ազդեցություն չի ունենա, քանի որ Ղարաբաղն այժմ գտնվում է Ադրբեջանի ամբողջական վերահսկողության տակ, իսկ Երևանը դժվար թե աջակցի իր տարածքում ԼՂ-ի ինստիտուտների հետագա գործունեությանը:
Բայց Շահրամանյանի որոշմանը արձագանքեցին բազմաթիվ ղարաբաղցի փախստականներ, որոնք դեռ փայփայում են Ադրբեջանից անջատվելու տասնամյակների երազանքը: «Երեխաներն անընդհատ մղձավանջներ են տեսնում, գիշերները լաց են լինում ու անընդհատ հարցնում, թե երբ ենք տուն վերադառնալու»,- ասում է Արևիկն ու հավելում․ «Մենք կվերադառնանք մեկ պայմանով՝ եթե թուրքերից առանձին ապրենք, և մեր երեխաների անվտանգությունը 100 տոկոսով երաշխավորված լինի»։
Երդվյալ թշնամիներ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, որը հիմնված է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վրա։
Բայց Ղարաբաղի փախստականներից քչերն են կիսում այս հույսը։ «Ես չեմ հավատում ադրբեջանցիների հետ խաղաղությանը»,- ասում է 65-ամյա փախստական Բորիս Դոլուխանյանը, ում որդին զոհվել է 2020 թվականին Ադրբեջանի հետ պատերազմում։ «Ինչպե՞ս կարող ենք ապրել իմ երեխային սպանած թուրքերի կողքին։ Մենք պետք է այնքան ուժեղանանք, որ ուժով հետ վերցնենք մեր հողը»,- նշում է Դոլուխանյանն ու հավելում, որ իր ընտանիքը բարեկեցիկ կյանքով է ապրել Ստեփանակերտում, որտեղ ունեին մի քանի տուն, հողատարածքներ և էկզոտիկ թռչունների ֆերմա: «Մենք թողել ենք մեր դրախտը»,- ասում է նա՝ ավելացնելով, որ իրենք այժմ Երևանում վաչձակալում են 3 սենյականոց բնակարան, որն իրենց համար այլևս մատչելի չէ, և ավելի էժան բնակարան են փնտրում:
Նրա 10-ամյա թոռնուհին՝ Ռուզաննան, ասել է, որ իր Սուրբ ծննդյան ցանկությունն է՝ «Ձմեռ պապը հրաշք գործի, որպեսզի կարողանան տուն վերադառնալ»: