Search
Close this search box.

Արցախի նորընտիր նախագահը շնորհավորական ուղերձներ է ստացել Արցախի նախկին նախագահներից, Գարեգին Բ-ից և Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանից

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել ԱՀ երկրորդ, երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

***

ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի ուղերձում ասված է.

«Հարգարժան պարոն նախագահ,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու և այդ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Չափազանց դժվարին ժամանակահատվածում եք Դուք ստանձնում այդ պաշտոնը, ինչը նշանակում է, որ միայն ամենօրյա լարված ու համառ աշխատանքով կարելի է հասնել այն արդյունքին, որին մեծ հույսերով սպասում է մեր ժողովուրդը:

Ձեր աշխատանքային կենսագրությունը, անվտանգության բնագավառում համակարգված գործունեությունն ու կուտակված փորձը՝ արցախյան ուժեղ արմատների հետ մեկտեղ, լավագույն երաշխիքն են այն բանի, որ առաջնահերթությունների հստակ սահմանման պարագայում Ձեզ կհաջողվի հաղթահարել մեր երկրի ու պետականության առջև կանգնած մարտահրավերները:

Լիահույս եմ, որ Ձեզ հատուկ սկզբունքայնությամբ կշարունակեք ուշադրության կենտրոնում պահել Արցախի Հանրապետության սուբյեկտայնության բարձրացման, մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցերն ու տնտեսական և սոցիալական հիմնախնդիրները:

Վերահաստատելով Արցախի բարձրաստիճան ղեկավարների հարաբերություններում արմատավորված համերաշխության ավանդույթները, իմ պատրաստակամությունն եմ հայտնում, հարգարժան Սամվել Սերգեյի, աջակցելու Ձեր ազգանվեր ծրագրերին ու նախաձեռնություններին:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, տոկունություն և մշտական հաջողություններ պաշտոնավարման ընթացքում»:

***

ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանի ուղերձում ասված է.

« Մեծարգո Սամվել Սերգեյի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ մեր պետության համար այս ծանր ու վճռորոշ ժամանակաշրջանում ստանձնելով երկրի ղեկավարի բարձր ու պատասխանատու պաշտոնը, Դուք Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները, ունակություններն ու կարողություններն անմնացորդ կծառայեցնեք մեր հայրենիքի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը:

Մաղթում եմ Ձեզ մեծագույն հաջողություններ՝ Ձեր հայրենանվեր առաքելության իրականացման բարդ ու դժվարին ճանապարհին»:

***

Սամվել Շահրամանյանին Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ողջույնն ու Հայրապետական օրհնությունն ենք բերում Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու առիթով:

Նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք ծանրագույն իրավիճակում, երբ Արցախը գտնվում է անվտանգային, քաղաքական ու տնտեսական լրջագույն մարտահրավերների հանդիման և իննամսյա փաստացի շրջափակման պայմաններում հերոսաբար մաքարում իր ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար: Արցախի արդար պայքարում ներգրավված է ազգի յուրաքանչյուր զավակ, և, հավատում ենք, որ համայն հայության հաստատակամությամբ ու ներուժով, ինչպես և միջազգային հանրության աջակցությամբ պիտի կարողանանք հասնել հիմնախնդրի ցանկալի հանգուցալուծմանը՝ հայրենի հողի վրա արցախահայության ինքնորոշման անօտարելի իրավունքի պաշտպանությանը:

Մեծարգո պարոն Նախագահ,

Վկայությունն ունենալով տարբեր բարձր պաշտոններում Ձեր բարեխիղճ, անձնվեր և նախանձախնդիր ծառայության՝ լիահույս եք, որ Ձեր փորձառությամբ և հեղինակությամբ պիտի նպաստեք Արցախում համերաշխ միասնականության ու համագործակցության մթնոլորտի հաստատմանը և ժողովրդի ոգու և լավատեսության զորացմանը ՝ ի նպաստ արցախահայության անկախ ու անվտանգ կյանքի և բարօր գալիքի կերտման:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր զորակցությունն եք բերում Ձեզ՝ աղոթելով, որ Տիրոջ օրհնության ներքո հաջողությամբ պսակվեն Ձեր բոլոր նախաձեռնությունները՝ ի շահ հայրենի մեր Արցախ աշխարհի»:

***

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի շնորհավորական ուղերձում ասված է.

« Մեծարգո Տիար Շահրամանյան,

Հանուն Արցախի թեմի հոգևոր դասի և հավատավոր մեր ժողովրդի, մեր անկեղծ շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Արցախի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Արցախի համար փորձություններով և տեսանելի խոչընդոտներով լի այս ժամանակաշրջանում Ձեր վրա են սևեռված բոլոր արցախցիների հայացքները, ովքեր հույսով սպասում են կամավորաբար հանձն առած իրենց նեղություների ու զրկանքների դրական հանգուցալուծմանը։ Իրապես ծանր է լուծը, բայց քրիստոնեայի համար ցանկացած լուծ դառնում է քաղցր և տանելի, եթե այն կրում է սիրով ու հանուն սրբազան գաղափարի։

Քաջատեղյակ լինելով Ձեր նախընթաց ճանապարհին և Արցախի պետականաշինության գործում ունեցած մեծ ավանդին, համոզված ենք, որ միևնույն նախանձախնդրությամբ պիտի շարունակեք ծառայել մեր ժողովրդին նաև այս նոր պաշտոնում։ Արդեն 32 տարի է, ինչ արցախցիները կանգնած են հայ ժողովրդի գոյության և արժանապատվության պայքարի առաջնագծում և բազում զրկանքներ ու տառապանքներ են կրել ու դեռ շարունակում են կրել։ Բազմավաստակ մեր ժողովուրդը այսօր ամեն ինչից առավել կարիք ունի սիրո և անկեղծության, և առաջին հերթին՝ իր երկրի ղեկավարների կողմից։ Արցախի քաղաքական դաշտում առկա համերաշխության և միասնականության մթնոլորտը պետք է դառնա մեր պայքարի ամուր հիմքը և ողջ հայութան համախմբման շարժիչ ուժը։

Ուստի այսօր մենք ուժից ու համարձակությունից ավելի՝ կարիք ունենք իմաստության, որովհետև առանց իմաստության ամեն ինչ կարող է փոխարկվել չարիքի։ Սուրբ Գիրքը մեզ ուսուցանում է, որ կատարյալ իմաստության սկիզբը Աստծո հանդեպ ունեցած երկյուղն է։ Առ Աստված ամուր հավատքը և մաքուր խիղճը ամուր պարիսպ են յուրաքանչյուր մարդու և ազգի համար։ «Եթե Աստված չշինի տունը, զուր են աշխատում այն շինողները, եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր տեղն են հսկում պահապանները» (Սաղմոս 127։1)։ 127-րդ սաղմոսի այս գեղեցիկ տողերից ներշնչված՝ աղոթում ենք, որ դուք կարողանաք իմաստությամբ և խոհեմությամբ թեթևացնել մեր երկրի հոգսը, ապահովել արցախհայության խաղաղ կյանքը իր աստվածապարգև հայրենիքում։

Աստված օրհնի Ձեր նոր առաքելությունը»։

Please enter a valid URL