Ռոք երաժիշտ Վիկտոր Ցոյի մահից շատ տարիներ են անցել, սակայն նրա երկրպագուները շարունակում են երգել Ցոյի երգերը, տարածել դրանք ու նրան նվիրված համերգներով, փառատոններով և այլ միջոցառումներով նշել սիրված արտիստի տարեդարձը:
Հայաստանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ հունիսի 23-ին, ժամը 19-ին Ցոյի ծննդյանը նվիրված ռուսական ռոքի փառատոն կանցկացվի, որը տեղի կունենա Երևանում՝ Սիրահարների այգում:
Փառատոնին Ցոյի հիթերը կկատարեն «Another Story band»-ը, Էվա Ոսկանյանը, «One day Band»-ը, «The Hiwave»-ը, «Ness band»-ը և «Fairwind»-ը:
Փառատոնի կազմակերպիչ, երգիչ Արմեն «Ցոյ» Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ քսաներեք տարի առաջ է սկսել երաժշտությամբ զբաղվել ու կատարել է Վիկտոր Ցոյի երգերը: Շատ է հետաքրքրվել Ցոյի երաժշտությամբ, նրա մասին տեղեկություններով, ինչի արդյունքում ակամայից սկսել է նմանակել արտիստին: Հենց այդ պատճառով են հետագայում Արմենին «Ցոյ» բեմական անունով կնքել:
«The Hiwave» ռոք խմբի վոկալիստ, կիթառահար Արման Սաֆարյանն էլ տեղեկացրել էր, որ իրենց խումբը փառատոնին կկատարի այլ ռուսական ռոք խմբերի քավրներ:
Նրա խոսքով՝ 1980-ականների շատ հայտնի խմբերի երգեր են հնչեցնելու: «Հաստատ կձայնակցենք ու միասին կերգենք»,-հավաստիացրել էր Արմանը: Կարևորելով նման փառատոնների անցկացումը՝ նա ընդգծել էր, որ հրաշալի կլինի, եթե նման նախաձեռնություններն ավելի հաճախ կյանքի կոչվեն՝ հայկական խմբերին հնարավորություն տալով երաժշտասերներին նաև հեղինակային երգերը մատուցել: