ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դեմ է եղել անկլավները Ադրբեջանին հանձնելուն վերաբերյալ եռակողմ հայտարարության տեքստում առկա դրույթին։
Խաչատրյանն այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։
«Նույն պահին ես մի քիչ էլ ապշահար ու զայրացած ասել եմ` հրադադարի հետ անկլավներ հանձնելը կամ ընդհանրապես այդ տարածքներից դուրս գալը ի՞նչ կապ ունի։ Որոշակի քննարկում է եղել, որից հետո անձամբ խոսել եմ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Իմ հետ հեռախոսազրույցի ընթացքում նա խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ, որ գոնե այդ անկլավների մասը փաստաթղթից հանվի»,- ընդգծեց Խաչատրյանը։
Նա նշեց, որ չգիտի, թե Փաշինյանն ում հետ ինչ է համաձայնեցրել, բայց անձամբ ինքը, տեսնելով հայտարարության տեքստում անկլավների մասին կետը, կարծիք է հայտնել անգամ այն տարածքների վերաբերյալ, որտեղից պետք է հեռանային հայկական զորքերը։
«Առաջարկ եղավ չհեռանալ և չլքել մեր դիրքերը Կուբաթլուի (Սանասար), Բերձորի մոտ։ Այնտեղ մենք բարեհաջող դիրքեր ունեինք։ Դրա դիմաց նրանց (ադրբեջանական կողմին) թողնել Արցախի Հանրապետության տարածքում առկա կտրվածքները, որտեղ իրենք մտնում են մեր տարածքի մեջ, դրանց հետ փոխարինել։ Բայց դա էլ չընդունվեց»,- ասաց ԳՇ պետի նախկին տեղակալը։
Խաչատրյանը բացատրեց, որ այդ առաջարկներն այդ պահին թղթի վրա չեն արձանագրվել, քանի որ իրավիճակը շատ արագ էր զարգանում։ Հետագայում, իհարկե, այդ ամենը փաստաթղթավորվել է։ Բայց ի սկզբանե առաջարկը բանավոր ներկայացվել է Նիկոլ Փաշինյանին։