«Ծովահենը միշտ է տխուր, երբ գիտակցում է , որ երբեք չի կարող ունենալ սեփական նավը…»
Հիշում եմ, երբ գրում էի այս տողերը, անցկացնում էի կյանքիս դժվար օրերն ու ժամերը, ժամեր, որոնք ընկճվածության ու հոգևոր բռնաճնշման երկարատև ու չավարտվող ճանապարհ էր հիշեցնում։ Որքան էլ գիրքը համարում եմ թրիլեր֊դրամա, այնուամենայնիվ գրքի հերոսները հագեցած են ինքնահեգնանքով, կատակասեր են ու բարի։ «Ծովահենի» հետ անցել եմ շա՜տ երկար ճանապարհ, այն բազմաթիվ անգամ փոփոխության է ենթարկվել թե’ ժանրի, թե’ սյուժեի, և թե’ վերնագրի առումով։ Ընթերցողներս շատ անգամ են հարցրել, թե` ինչու՞ եմ գիրքը վերնագրել «Ծովահենը» և ինչու՞ հերոսներին ծովահենին հարիր հագուստով և նավարկելիս չենք տեսնում։ Նշեմ, որ վերնագիրը այլաբանական իմաստ ունի, որը խորհրդանշում է հերոսուհու ներքին աշխարհը և կյանքի դժվար փորձը` խաղաղ նավավարից ծովահենի կերպարանափոխության գործընթացը ներկայացնելով։ Հերոսները վիպակում ներկայանում են մականուններով, քանզի նմանօրինակ մատուցմամբ հերոսի հանդեպ համակրանքը ավելի արագ է տեղի ընթերցողի մոտ։ Նշեմ, որ սա դեռևս իմ առաջին թրիլեր ժանրի վիպակն է և ուրախ եմ, որ ժամանակակից գրականությունում իմ առաջին փորձը նման ժանրով եմ սկսել և գիտեմ, որ բազմաթիվ ընթերցողներ սիրում են նմանօրինակ ժանրով սյուժեներ։
Գիրք նվիրելու տոնին ընդառաջ ուզում եմ շնորհավորել ո’չ միայն մեզ` հեղինակներիս, բավականին պատասխանատու ու ծանր, և միևնույն ժամանակ մեր հաճելի աշխատանքի պտուղները ներկայացնելու համար, այլև ընթերցողներին, որ այդքան հավատարիմ են ո’չ միայն իրենց սիրելի հեղինակներին, այլ նաև ընթերցման ծիսակարգի պահպանմանը։
Տոնին ընդառաջ ներկայացնում եմ իմ գրքացանկի հնգյակը, որը խորհուրդ կտամ ընթերցել բոլորին`
1. Տորի Օզորս- «Կախվածություն»
2. Սթիվեն Քինգ- (բոլոր գրքերը)
3. Բրեմ Սթոքեր- «Դրակուլա» (Լինելով սարսափ ժանրի մոլի սիրահար և ուսումնասիրելով սարսափի ակունքները, բացահայտել եմ այն, որ մի ժամանակ սարսափ գրքերի և ֆիլմերի հերոսները մարմնավորել են տարբեր հիվանդություններ։ Օրինակ` Դրակուլան մարմանորել է քաղցկեղը, Ջեյսոն Վուրհեսը մտավոր հետամնացությունը, Ֆրոդի Կրյուգերը անքնությունը և այդպես շարունակ։ Դրակուլա կերպարը, ինձ համար, օրինակելի կերպար է, քանի որ սերը ստիպում է Դրակուլային դուրս գալ իր «դագաղից» և գնալ Տրանսիլվանիա)։
4. Ջերոմ Սելինջեր- «Տարեկանի արտում` անդունդի եզրին»
5. Հասմիկ Կարապետյան- «Ծովահենը» (Կարծում եմ՝ ցանկացած հեղինակ պետք է սիրի իր ստեղծագործությունը, կարդա, ուսումնասիրի այնպես, ինչպես կուսումնասիրի այլ հեղինակինը)։