ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ԶՈւ գեներալ-գնդապետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը տեսաուղերձ է հրապարակել իր և խմբակցության անդամ Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գլխավոր դատախազությունը դիմել է ԱԺ` Օհանյանին և Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու նպատակով։
Իր տեսաուղերձում նա քրեական հետապնդումն իշխող թիմի համար «ոչ հաճելի մարդկանց նկատմամբ քաղաքական հաշվեհարդար» է անվանել, որի նպատակներից մեկն է մարդկանց ուշադրությունը շեղել բանակի կազմաքանդումից։
Ըստ Օհանյանի` ներկայիս իշխանությունը նաև ցանկանում է հանրությանը շեղել կամայականություններից և կառավարչական ճգնաժամից, որոնց փաստացի զոհ են դարձել հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողները։
«Իրենք որոշել են մեզ դատել՝ կարծելով, թե այդպիսով կարողանալու են խուսափել իրենց սպասվող դատաստանից։ Որոշել են աղմուկ բարձրացնել, որ իրենց աղաղակող հանցագործությունները խլացնեն: Շինծու և անհիմն քրեական գործեր են հարուցել իմ դեմ: Փաշինյանի օգնականի հոգեվիճակում գտնվող դատախազը ԱԺ է ներկայացրել ինձ պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություններ: Նույնանման միջնորդություն կա նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ականավոր բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի մասով։ Այս գործերը վաղուց էին կարվել, սակայն միջնորդությունը հիմա են ներկայացրել, որպեսզի Վարդենիսում այրված տղաների ձայները խլացնեն ու շեղեն հանրության ուշադրությունը՝ համընդհանուր բարկության ալիքը կանխելով։»,– ասում է պաշտպանության նախկին նախարարը։
Նա վստահ է` դատախազությունը ոչ թե քրեական գործի շրջանակներում միջնորդություն է ներկայացրել, այլ անմեղության կանխավարկածի խախտումով՝ մեղադրական եզրակացություն, ինչն ապօրինություն է։
«Մեր դեմ հարուցված միջնորդությունների վերաբերյալ վաղեմության ժամկետի տարբեր առաջարկներ են եղել: Եթե ես և պրոֆեսոր Չարչյանը ստորագրեինք դրանք, ապա այդ միջնորդությունները չէին լինի: Սրանք ուզում են ցույց տալ, թե իբր մարդասեր են, ցավում են մարդու մահվան համար։ Պատկերացնու՞մ եք՝ «ես պատերազմը չկանգնեցրի, որպեսզի ինձ Նիկո՛լ, դավաճան չասեն» ձևակերպման հեղինակին իբր հետաքրքրում է մարդու կյանքը։ Փաշինյանի վարած քաղաքականությունը հազարավոր մահեր է բերել»,– ասում է Օհանյանը։
Նա ընդգծում է, ՀՀ կառավարությանը չի հետաքրքրում ո՛չ «Հաց բերող մահը», ո՛չ էլ իրենց կողմից հպարտ որակված քաղաքացին։ Ըստ պատգամավորի` Փաշինյանին ու նրա թիմակիցներին այսօր հետաքրքրում են աթոռն ու իրենց կաշվի փրկությունը։
«Պատգամավորական մանդատը իմ կյանքի բարձրագույն տիտղոսը կամ գերնպատակը չի եղել, և այն վայր դնելը ամենահեշտը կլիներ ինձ համար։ Մեզ, սակայն, մանդատ տվել է ժողովուրդը, այդ գործերի պատվիրված լինելը մենք կապացուցենք հենց ժողովրդի հետ ուղիղ խոսելով»,– նշում է Օհանյանը։
Նա նաև հայտարարում է, որ «Հայաստան» խմբակցությունն առաջիկայում մասնակցելու է բանակում առկա իրական խնդիրներին վերաբերող հրատապ քննարկմանը, որն իրենք են նախաձեռնել։
Իսկ տեսաուղերձի վերջում Սեյրան Օհանյանը հիշեցնում է, որ ինքը հաղթանակած բանակի գեներալ է, ու բանակը քանդողները չեն կարող իրեն որևէ բանում մեղադրել։