Search
Close this search box.

Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել

Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության գրասենյակը հաղորդագրություն է տարածել կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի անունից, որտեղ Բաբայանն անդրադարձել է պատերազմական օրերին Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ լուրերին։

Հետպատերազմյան շրջանում շահադիտական դրդումներով պարբերաբար հրապարակ են նետվում իմ, որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի, պատերազմական օրերին իբր թե Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ, որի կապակցությամբ անհրաժեշտ եմ գտնում անդրադառնալու մի շարք էական հանգամանքների:

2020թ․ հունիս-նոյեմբեր ամիսներին, զբաղեցնելով նախագահին կից անվտանգության հարցերով խորհրդակցական մարմնի քարտուղարի պաշտոնը, պատերազմի ողջ ընթացքում կատարել եմ իմ պաշտոնեական լիազորություններից բխող գործողություններ, այդ թվում՝ խորհրդատվություն տրամադրել մարտական գործողությունների կազմակերպման վերաբերյալ։ Հարցերը, թե այդ խորհրդատվական դիտարկումներից քանիսն են ընդունելի դարձել և/կամ ինչ ճշգրտությամբ են իրականացվել, այլ հասցեատեր ունեն։

2020թ․ նոյեմբերի 6-ին ԱՀ ԱԽ նիստից հետո նախագահի հատուկ հանձնարարությամբ ի պաշտոնե գործուղվել եմ քաղաք Երևան (գործուղման նպատակի և արդյունքների մասին մանրամասները պետական և ծառայողական գաղտնիք հանդիսանալու հիմքով իմ կողմից հանրայնացման ենթական չեն)։ Գործուղման անմիջապես հաջորդ օրը՝ նոյեմբերի 7-ին, Ստեփանակերտում մնացած սակավաթիվ բնակչությունը տարհանվել է, իսկ նոյեմբերի 9-ին ստորագրվել հայկական կողմի համար խիստ անբերենպաստ պայմաններով հայտնի եռակողմ հայտարարությունը։ Տեղեկանալով հայտարարության մասին, ինչպես հայտնել եմ ավելի վաղ, փորձել եմ կանխել այն, սակայն փաստաթուղթն արդեն ստորագրված էր։ Որպես ԱԽ քարտուղար, անզոր լինելով փոխելու զարգացումների ընթացքը, այլևս նպատակահարար չեմ գտել շարունակել զբաղեցնել հնչեղ, բայց անբովանդակ այդ պաշտոնը։ Ապա, ի նշան բողոքի, հրաժարվել եմ նաև «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:

Պետական համակարգից հեռանալուց հետո, բազմակողմաիորեն գնահատելով Արցախում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը, իմ քաղաքական գաղափարակիցների հետ մշակել և Արցախի ու Հայաստանի իշխանություններին եմ ներկայացնել ճգնաժամային կառավարման ոլորտային մոտեցումներ, ծրագրեր, հայեցակարգեր։ Նշեմ նաև, որ ԱՀ իշխանությունների հետ պարբերական շփումներ եմ ունենում իբրև խորհրդարանական ուժի առաջնորդ, իսկ ՀՀ իշխանությունների հետ առնչվել եմ բացառապես արտախորհրդարանական ուժերի հարթակում, ապա հեռացել՝ ձևաչափի անարդյունավետության պատճառով։

44-օրյա պատերազմի վերաբերյալ քննչական գործողությունների շրջանակում երկու անգամ հրավիրվել եմ հարցաքննության, պարզաբանումներ տվել մարտական գործողություններին իմ առնչության և ներգրավվածության վերաբերյալ։ Այս կապակցությամբ կանխակալ մեդիահրապարակումներով ինձ մեղսագրվող արարքների ապացուցման դեպքում պատրաստ եմ կրելու պատասխանատվություն։ Հակառակ դեպքում հետամուտ եմ լինելու՝ պատասխանատվության ենթարկելու զրպարտության և սուտ մատնության հեղինակներին։ Զինվենք համբերությամբ և հետևենք դատավարական գործընթացներին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավապահ մարմինները իմ, որպես ԱՀ բարձրաստիճան պաշտոնյայի, պատերազմական օրերին իբր թե Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ տեղեկությունների հիմքով օրենքով սահմանված գործողություններ չեն նախաձեռնել, դիմում եմ ԱՀ դատախազությանը՝ վերոնշյալի կապակցությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և համապատասխան քրեաիրավական որակմամբ ճշմարտությունը բացահատելու պահանջով։ Իրավապահ մարմինների գործողությունների առանցքում, ի դեպ, վաղուց հայտնված պիտի լիներ նաև ԱԽ 2020թ․ նոյեմբերի 6-ի նիստում շրջանառված պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող, պետության կողմից պահպանվող և պաշտպանվող տեղեկատվության՝ ԱԽ քատուղարի ելույթի առանձին դրվագների հանրայնացված լինելու հանգամանքը։

Պետական, ռազմական, քաղաքական, հասարակական իմ ողջ գործունեության ընթացքում առաջնոդվել եմ բացառապես սեփական գաղափարներով և խղճով: Ըմբռնումով եմ մոտենում ինձ վերագրվող երևույթները, քանի որ շրջանակները, ովքեր մշտապես ուղղորդվոմ են ինչ-ինչ կենտրոններից, չեն կարող հավատալ ազատ և անկաշկանդ միտք ունենալու հնարավորությանը: Հարգելով յուրաքանչյուրի արտահատվելու իրավունքը, այնուամենայնիվ համոզված եմ, որ այդ հասկացությունը նույնական չէ զրպարտության ու սուտ մատնության հետ․ որևէ մեկի իրավունքը չի կարող իրացվել մյուսի իրավունքների ոտնահարման հաշվին։

Please enter a valid URL