Արցախի վրա Ադրբեջանի հարձակումների նպատակը Լաչինի միջանցքը ստանալն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար, ռազմական գործիչ Արկադի Կարապետյանը (Ագո):
«Իրենք նպատակ ունեն արցախցիներին հանելուն, բայց մեր իշխանությունն էլ դեռեւս չի կառուցել նոր ճանապարհը։ Եթե իրենք հարձակվեն, ժողովրդին կոտորեն, փախչելը դժվար է լինելու, որովհետեւ ճանապարհ չկա։ Զուգադիպությունները կասկածի առիթ են տալիս։ Սխալ որոշումները միշտ բերում են ողբերգության։ Սխալ հաշվարկի՞, թե՞ դիտավորության հետեւանքով իշխանությունը չի կառուցել այլընտրանքային ճանապարհը ՝ ով ինչպես կուզի՝ կարող է մեկնաբանել։
Պետք չէ մեծ-մեծ հայրենասիրական բաներ խոսել, պետք է հասկանալ, թե ինչ ես կարողանում անել։ Եթե մենք կարող էինք ճանապարհը չսարքել ու մեր դիրքերը պահել, ճանապարհը պետք չէր լինի կառուցել։ Սակայն ես վստահ չեմ ի վիճակի ենք դրան թե՝ ոչ, հատկապես, երբ մեր դաշնակիցն իր գործառույթը չի կատարում»,- նշեց Կարապետյանը։