Search
Close this search box.

«Բյուրեղյա Նուռ 2022» ամենամյա համահայկական պարային փառատոն/մրցանակաբաշխությունը կայացավ  Մոսկվայում

Ամեն տարի “Բյուրեղյա Նուռ”֊ը( Хрустальный Гранат) մեծ լսարան է հավաքում` մեկ բեմում ներկայացնելով հայկական հրաշալի պարախմբերի լավագույն բեմադրությունները Մոսկվայում, այս անգամ Սուրբ Զատկի տոնին, ապրիլի 17֊ին “Մոսպրոդյուսեր” համերգասրահում։ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան` ի դեմս Իշխան Գասպարյանի, ավանդաբար հայ հանդիսատեսին է ներկայացնում իսկական պարային շքերթ` համերգային ծրագրում ներառելով հանրությանը հայտնի երգի աստղերին, որպես հատուկ հյուր։ Այս անգամ հին ու նոր երգերով հանդես եկան սիրված արտիստները` Նարեկ Բավեյանը և երգչուհի Սոնան։ Հաղորդավարական դուետը նույնպես յուրահատուկ էր. Հեռուստահաղորդավարուհի Թամարա Օգանեսյանը և հայտնի դերասան, երգիչ և հեռուստահաղորդավար Ներսես Ավետիսյանը։

Բեմում էին տասներկու պարախմբի շնորհալի սաներ` ներկայացված “Արգիշտ”, “Հայրենիք”(Ռաֆայելյաններ), Պարի Ակադեմիա( “Հովիկ Ստուդիո”), “Հայսթար”, “Ագապե”, “Անուշ”, “Գարուն”, “Նժդեհ”, “Ախթամար”, “Էսքիզ”, “Կոմիտաս” և “Արաքս” Ռուսաստանում հայտնի անուններով։ Նրանք բոլորը հայապահպանության կարևոր կրթօջախներ են, որտեղ սահմանված է հայկական պարի և հայերենի մասսայականացման բարձր նշաձող։ Համերգի խորհրդանշական դրվագներից մեկը դեֆիլե֊պարն է, որն այս անգամ ներկայացվեց “Արվեստի թևեր” անվանումով` ամրացնելով համատեղ բեմադրության գեղեցիկ գաղափարը։

Փառատոնը ուղեկցվեց հայ պարի նվիրյալների մեկ տարվա ստեղծագործական աշխատանքի խրախուսմամբ` մրցանակների տեսքով, իսկ ավարտին հնչեց բոլորի ականջը շոյող փառատոնի երգը` հատուկ հյուրերի տարբերվող և յուրօրինակ կատարմամբ։ Բյուրեղյա Նուռը արվեստագիտական մեծ արշավ է սկսել և թող անխափան լինի նրա հայրենաշունչ ճանապարհը։

Please enter a valid URL