Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում թշնամու կրակոցների հետևանքով վիրավորում ստացած տղամարդու վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը` անդրադառնալով այսօր առավոտյան տեղի ունեցած դեպքին։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 10:35-ին իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի արձակած ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել Խրամորթի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանը։
Տղամարդը տեղափոխվել է ԱՀ առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում:
«Կատարվել է վերքի առաջնային մշակում, այնուհետև հետագա հետազոտության նպատակով նրան տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տղամարդը գոտկային շրջանի կույր բեկորային վնասվածք է ստացել:
Հիշեցնենք` երեկ գիշերը Խրամորթ համայնքում իրավիճակը լարված էր։ Խրամորթի բնակիչներից մեկը Sputnik Արմենիային ասել էր, որ առավոտից մինչև գիշեր ադրբեջանական կողմը կրակում է գյուղի ուղղությամբ։ Բնակելի տներին և մարդկանց վնաս չի եղել, բայց մարդիկ վախեցել են։
Ադրբեջանական զինուժը ականանետից կրակել էր Խրամորթի ուղղությամբ նաև մարտի 7-ին ու 8-ին։
Հավելենք, որ Խրամորթում 112 ընտանիք է ապրում, այդ թվում՝ Արցախի այլ վայրերից տեղահանվածներ։