Ըստ Արցախի ԱԺ պատգամավորի՝ ադրբեջանցիները պարբերաբար սադրանքներ են իրականացնում, որոնցով ուզում են արժեզրկել ռուս խաղաղապահների դերը Արցախում։
Մարտակերտի Մազավուզ գյուղի մոտ Արցախի բնակիչներն այսօր մի քանի ժամ շարունակ փակ են պահել Քարվաճառ տանող ճանապարհը, ինչի հետևանքով ադրբեջանական ռազմական շարասյունը ստիպված է եղել հետ գնալ եկած ճանապարհով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Ըստ Հակոբյանի՝ վերջին կաթիլը արցախցիների համար եղել է այն, որ փետրվարի 15-ին ադրբեջանցիների կրակոցից Մազավուզ գյուղի մոտակա դիրքում վիրավորվել է ժամկետային զինծառայող Խաչատուր Խաչատրյանը։
«Քաղաքացիները իրենց քայլով փորձում են ստիպել ադրբեջանցիներին պահպանել եռակողմ հայտարարությունների կետերը, գոնե հարգեն իրենց նախագահի ստորագրությունը», — ասաց պատգամավորը։
Հակոբյանի խոսքով՝ ադրբեջանցի զինվորները պարբերաբար սադրանքներ են իրականացնում, որոնցով նաև ուզում են արժեզրկել ռուս խաղաղապահների դերը Արցախում։
«Անգամ եթե ռուս խաղաղապահներն ուղեկցում են ադրբեջանական շարասյանը, նպատակը Արցախի բնակիչների անվտանգությունը ապահովելն է։ Այն, ինչ պիտի անեն ռուս խաղաղապահները, իրականում դրա կրկնակի-եռակին են անում։ Ոչ մեկը չի կարող սպասել, թե ադրբեջանիները ինչ կանեն վաղը։ Ռուս խաղաղապահները գալիս-կանգնում են գյուղացիների կողքին, որ նրանք հանգիստ կատարեն իրենց հողագործական աշխատանքները։ Հիմա խաղողագործական աշխատանքների սեզոն է, ռուս խաղաղապահները ապահովության համար կանգնում են գյուղացիների մոտ», — շեշտեց պատգամավորը։
Հակոբյանն անհանգիստ է մարտակերտցիների համար, քանի որ հակառակորդը կարող է դիմել ցանկացած սադրանքի։ «Նրանցից պետք է սպասել ամենավատը»,- ասաց պատգամավորը։
Նա խնդրել է բնակիչներին, որ վտանգի դեպքում իրեն տեղյակ պահեն, դեռևս զանգ չի ստացել։