Search
Close this search box.

Ոչ մի կարգավիճակ եւ տեղահանվածների վերադարձ Արցախում. Լավրով

Մենք, երեք երկրների տևական բանակցությունների ժամանակ խաղալով վճռորոշ դեր ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում, ստեղծել ենք կրակի դադարեցման վերիֆիկացիոն մեխանիզմ՝ ի դեմս խաղաղապահ կոնտինգենտի, և ավելին, քան բոլորը շահագրգռված ենք, որ այն ամենը, ինչ պայմանավորվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, գործնականում իրականացվի։ Այս մասին այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հայ լրագրողի՝ Մինսկի խմբի շրջանակում քաղաքական կարգավորման մասին հարցին։

«Ես վստահ եմ, երբ համանախագահները կոչ են արել ամեն ինչ վերջնական կարգավորել, նկատի ունեին այն, ինչն անհրաժեշտ է այս բոլոր հարցերի լուծման համար։ Մենք չենք կասկածում, որ երբ մարդիկ սկսեն զգալ խաղաղ կյանքի, բոլոր սահմանափակումների, շրջափակման դրսևորումների վերացման օգուտները, կսկսեն այլ կերպ վերաբերվել հարցերին, որն այժմ որոշ մեր գործընկերներ փորձում են սրել և առաջին պլան բերել։ Պետք չէ հիմա քաղաքականացնել գործընթացը, այն գնում է բավական բարդ, որովհետև լուծվում են նաև երթուղիների, այս ռեգիոնի կապվածության հարցերը, լուծվում են շփման գծի, սահմանազատման և սահմանագծման հարցերը։ Սրանք գործնական, հասկանալի բաներ են, որոնք անհրաժեշտ են, որ տարածաշրջանն ապրի խաղաղ կյանքով։ Նրանք, ովքեր փորձում են այս հարցերը հետոյին թողնել և նախ զբաղվել քաղաքական քննարկումներով, ըստ իս, ողջ գործընթացները ոտքից գլուխ շրջում են։ Ավելի հեշտ է քաղաքական հարցերը լուծել, երբ մարդիկ սկսել են նորմալ ապրել, ադրբեջանցիները, հայերը, ինչպես դա եղել է երկար-երկար տասնամյակներ ու հարյուրամյակներ», ասել է Լավրովը։

Հայերի ցեղասպանության, հայ-ռուսական ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունների, երկրորդ աշխարհամարտում հաղթանակի, առեւտուրը մեծացնելու, ռուսական բուհերում հայ ուսանողների ուսումնառության եւ այլ լոլոների ֆոնին Լավրովն այսպիսով վերահաստատեց Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: Ասուլիսում հայ լրագրողի հարցին Լավրովի պատասխանը նշանակում է, որ Մոսկվան դեմ է քաղաքական կարգավորմանը Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, մասնավորապես՝ Արցախի կարգավիճակին եւ տեղահանվածների վերադարձին:

«Պետք չէ քաղաքականացնել» արտահայտությունը կարող էր զավեշտալի թվալ, եթե չլիներ այս հանգամանքը: Իսկ քաղաքական հարցերը հետոյին թողնելը նշանակում է անհրաժեշտ ժամանակ շահել՝ իրականացնելու Արցախում հայկական ինքնության ոչնչացման, Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելու մտադրությունները, դրանք անշրջելի դարձնելու համար: Ներկայում հենց դա է տեղի ունենում, եւ այդ գործընթացի ավարտին արդեն քաղաքական հարցերի քննարկումն անիմաստ է դառնալու: Սա է Մոսկվայի մտադրությունը, որը Արցախը հայտարարել է Ադրբեջանի տարածք:

Կարո՞ղ էր Լավրովն ավելի մեղմ, դիվանագիտական պատասխան տալ, կարեւորելով թե քաղաքական, թե ոչ քաղաքական քննարկումները, եւ կոպտորեն էլ չընդհատել հայ լրագրողին: Կարող էր, սակայն խնդիրը հայերի հանդեպ թշնամական վերաբերմունքի ընդգծումն է:

Ինչ է անելու Հայաստանը, որն առայժմ հայտարարում է, թե առաջնայինը հենց քաղաքական հարցերի քննարկումն է: Ինչ են անելու Մինսկի խմբի արեւմտյան համանախագահները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնք նույնպես պնդում են քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը:

Please enter a valid URL