Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանցիների կողմից կրակոցներ են արձակվել Ստեփանակերտի բնակելի տան վրա․ Արցախի ՆԳՆ

Ստեփանակերտի բնակելի տան վրա փոքր տրամաչափի զինատեսակից ենթադրաբար ադրբեջանցիների կողմից կրակոցներ են արձակվել՝ ապրիլի 20-ի հետկեսօրեին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը մանրամասներ ներկայացրեց դեպքից՝ նշելով, որ այդ մասին ոստիկանությունը Ստեփանակերտի Հայկավան թաղամասում գտնվող տան բնակչից ահազանգ է ստացել ժամը մոտ 15:00-ի սահմաններում:

«Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական վարչության աշխատակիցները: Տեղում պարզվել է, որ կրակել են փոքր տրամաչափի զինատեսակից, որի հետևանքով ծակվել է բնակելի տան տանիքը: Տանը հայտնաբերվել է մեկ փամփուշտ: Բարեբախտաբար տուժածներ չեն եղել: Տանը գտնվել են երեխաներ: Ներկայում համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-մանրամասնեց Թադևոսյանը: Ուսումնասիրվում է՝ արդյոք հնարավոր է փոքր տրամաչափի զինատեսակից Շուշիից թիրախավորել բնակելի տուն Ստեփանակերտում:

Նրա հաղորդմամբ՝ ոստիկանությունն ահազանգ չի ստացել Շոշ և Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների վերաբերյալ:

«Այդուհանդերձ՝ հաշվի առնելով, որ նման տեղեկատվություն է տարածվել՝ այդ ուղղությամբ ևս համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվում»,-ասաց Թադևոսյանը:

Save

Please enter a valid URL