ԼՈՒՐԵՐ.com-ը գրում է. Մերօրյա հերոս Նորայր Պետրոսյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 2-ին Հացավան գյուղում: Նա գերադասեց իր կյանքին վերջ տալ, քան գերի ընկնել:
«Նորոն հանգիստ բնավորության տեր անձնավորություն էր, անսահման բարի էր, էնքան շատ էր իր միջի բարությունը, որ ես մեկ-մեկ զարմանում էի, ինքս ինձ հարց էի տալիս, թե ոնց կարա մարդ այս աստիճանի բարի լինի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հերոսի քույրը՝ Էլեն Պետրոսյանը:
Նորայրը ավարտել էր Գառնիի թիվ 1 դպրոցը, որից հետո ընդունվել էր Ոստիկանական ակադեմիա` որպես իրավաբան. «Ուսումից զատ, Նորոն ազատ ժամանակ շատ էր սիրում դհոլ նվագել և զբաղվել սպորտով, իր սիրած սպորտաձևը բռնցքամարտն էր»,- ընդգծեց Էլենը:
Հերոսը բանակ էր զորակոչվել 2020 թվականի հունվարի 24-ին Ջաբրայիլի զորմասում: Նորայրը պատերազմի առաջին իսկ օրվանից եղավ դիրքերում՝ գնաց հայրենիքի պաշտպանության. «Սեպտեմբերի 27-ին զանգահարեց տուն, ասաց, որ իրենց մոտ խաղաղ է: Հետո զանգահարեց ինձ, կրակոցների, պայթյունների ձայներ լսեցի, զգացի, որ ամեն ինչ լուրջ է: Նորոն ինձ խոստովանեց՝ դիրքերում է, բայց ասաց, որ հանկարծ մամային չասեմ այդ մասին՝ կանհանգստանա»,- վերհիշեց Նորայրի քույրը:
Վերջինս նշեց, որ պատերազմի օրերին Նորայրը այնքան էլ հաճախ չէր զանգահարում, քանի որ չէր սիրում հեռախոսով խոսել. «Սեպտեմբերի 27-ի զանգից հետո, Նորոն 3 օր չզանգահարեց, շատ էինք անհանգստացել, հետո զանգահարեց ու ասաց, որ 3 օր Ջաբրայիլում շրջափակման մեջ են եղել, նահանջ են տվել ու տեղափոխվել են Հադրութ»,- ասաց Էլենը:
Հադրութում ևս Նորայրը եղել է թեժ մարտերի մեջ, նրան հրաման է տրվել 300 զինվորով բարձրանալ և հսկել սարը. «Նորոն հակատանկային մարտկոցի կրտսեր սերժանտ էր: Իրեն հրամայել էին, որ նորակոչիկ զինծառայողների հետ բարձրանա և իր տեխնիկայով այդ սարում դիրքավորվի: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այդ սարը արդեն շրջափակված էր եղել թշնամու կողմից, և նրանք հենց բարձրացել են, սկսել են նրանց վրա կրակել»,- նշեց Նորայրի քույրը:
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: