Search
Close this search box.

Արցախում անցան գծերից ամենակարմիրը՝ հանձնվեց Արցախի հայկականության վերջին բաստիոնը.Գտեք հայազգի ոճրագործին

Գտեք 21-րդ դարի հայկական ցեղասպանության հայազգի ոճրագործին
Իսկ ինչո՛ւ եք լռում ամենակարևորի մասին։ Ձեր հրապարակները զազրախոսությամբ, թուքումրով պատելու փոխարեն ժամն է կախաղան հանել հենց այն գլուխը, որտեղ ծնվեց հայոց լեզուն իր պետական պատվանդանից իջեցնելու խելացնոր գաղափարը։ Չկա ցեղասպանության ավելի ուղիղ և գործուն ճանապարհ, քան լեզվասպանությունը/լինգվիցիդ/։ Արցախում անցան գծերից ամենակարմիրը՝ հանձնվեց Արցախի հայկականության վերջին բաստիոնը։

Այո, մենք ամենևին էլ չենք գիտակցում, որ պարտությունը հերթական ճակատամարտի չոր հաշվեկշիռը չէ՝ ժողովուրդների պատմությունն այլ բան չէ, քան հաղթանակների ու պարտությունների անվերջ հերթագայություն։ Վերջնական տապալումն այնտեղ է, ուր պապանձվում է երազանքի անունից խոսող լեզուն։ Լեզուն էթնոսի բանականությունն է, իր լեզուն որպես պետական դիցիպլին զիջողը հանձնում է իր գիտակցական կոդերը և մատնում, որ չունի ազատ ու արժանապատիվ ապրելու կամք, չունի տանուլ տված ճակատամարտից հետո ծնկից բռնելու և կրկին բարձրանալու երազանք։

Պատասխանեք խնդրեմ, ո՜վ ապականեց հայ ժողովրդի մի քանի սերնդի անմարդկային տառապանքների գնով ստեղծված Սուրբ տաճարը, ով ձեռք բարձրացրեց ամենաՀՐԵՂԵՆԻ, ամենաՍՐԲԱԶԱՆԻ վրա։

Լեզուն մտածականի կրիչն է և մեծ հաշվով՝ վարքաբանություն է, պետական մենաշնորհից զուրկ լեզուն մեռնում է՝ իր հետ տանելով երկրի ուժն ու զորությունը, ազգային գիտակցությունն ու նաև․․․ լեզվակիրների հայրենիքը։ Լեզուն նախ հոգի է և ապա՝ մարմին. լեզուն Տերն է երկրի։ Երկու տիրոջ ծառայող լեզուն չի կարող հայրենիք կերտել։ Լեզուն չի կարող ապաստան հայցել ուրիշ հայրենիքից։ Կտրեք այն լեզուն, որը հակառակը կբարբառի։

Այո, սա հայկականության ապագայի ցեղասպանություն էր ու հենց հայի ձեռքով։ Երբ լեզվի հայրենիքը հայտնվում է մի վերնախավի ձեռքում, որն իր մտածողությամբ, արժեքներով առավել ցածր է լեզվակիր հանրությունից՝ արդյունքը երբեք չի ուշանում։ Ցածրակարգ բնազդների շրջանառության համար մարդկային որևէ լեզու մեծ շռայլություն է. հակառակ դեպքում՝ կենդանական աշխարհում նշանային այլ համակարգեր չէին գործի: Լեզուն մարդու ստեղծագործությունն է:

Եվ կրկին ավելի հատու՝ գտեք 21-րդ դարի հայկական ցեղասպանության ոճրագործին․․․

ՎԱՐԴ Սիմոնյան

Please enter a valid URL