Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն այսօր ընդունել է Արցախում հումանիտար առաքելությամբ գտնվող ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարության հավաքական խմբի ավագ գեներալ-մայոր Վլադիսլավ Գադեեվին:
Համագործակցության շրջանակներում երկու գործընկեր կառույցների միջև ստեղծվել է օպերատիվ 3 խումբ:
Վաղվանից հայ և ռուս գործընկերներից կազմված սակրավորական խումբն Արցախի տարածքում կիրականացնի ինժեներահետախուզական աշխատանք, որի նպատակն Արցախի բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժի ապահովումն է, ինչպես բնակավայրերում, այնպես էլ դաշտավայրային ու անտառային գոտիներում:
ԱՀ ներքին անվտանգության նկատառումներից ելնելով՝ վթարափրկարարական օպերատիվ խումբը ԱԻ պետական ծառայության Լիսագորի հենակետում համատեղ կիրականացնի հերթապահ ծառայություն:
Հաջորդ խումբն ընդգրկված կլինի թիկունքային հումանիտար աշխատանքներում և հիմնականում կզբաղվի բեռնափոխադրումներով ու այլ մարդասիրական ծրագրերով:
Ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերներին՝ 2020 թվականի նոյեմբերից առ այսօր Արցախի գործընկեր կառույցին աջակցելու, համագործակցության ամրապնդման և համատեղ արդյունավետ աշխատանքի համար:
Խորհրդակցությանը մասնակցել են ԱԻՊԾ տնօրենի տեղակալ գնդապետ Սամվել Հայրումյանը, փրկարար ուժերի վարչության պետ Հրանտ Գասպարյանը, սակրավորական խմբի հրամանատար Սամվել Սարգսյանը:
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն