lurer.com-ը գրում է․
Արցախի Հանրապետության ոստիկանությունը երեկ տեղեկացրեց, որ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի տներից մեկում հայտնաբերվել է 48-ամյա բնակիչ Վրեժ Պողոսյանի դին` հրկիզված վիճակում: Քննչական կոմիտեից հայտել էին, որ տղամարդը մարտի 21-ին, երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:
Մեկ օրվա տարբերությամբ ևս մեկ դեպք էր գրանցվել նույն տարածաշրջանում, այդ անգամ կին էր ինքնահրկիզվել։ Այս հանգամանքը համացանցում քննարկումների առիթ տվեց։ Քանի որ այս օրերին Ալիևները գտնվում են Ջդրդուզում՝ Նովրուզը նշելու նպատակով, համացանցում սկսեցին հրկիզումների դեպքերը կապել դրա հետ՝ հիշելով, որ մի ժամանակ ադրբեջանցիները Նովրուզի ժամանակ հայերին առևանգելու և հրկիզելու սովորություն ունեին։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանն էլ հետևյալ եզրակացությունն էր արել․ «Համակեցության մասին հեքիաթ պատմողներն ի՞նչ կասեն Կարմիր Շուկայի տարածքում հայ տղամարդու հրկիզված դիակի մասին։ Ի դեպ, ասեմ, որ թուրքը, այսպես ասած, անհավատներին մատաղ անելու, իսկ Նովրուզին նաև հրկիզելու սովորություն ունեն։ Չփորձեք մեր երկիրը հայաթափեք, մտքներիդ ծայրով չանցկացնեք մեզ համոզել, որ ճանապարհների ապաշրջափակումն ու համակեցությունը մեր ապագան է, դա մեր վերջնական կործանում է և այս տարածաշրջանից ընդմիշտ Հայի հետքի վերացման հիմքը»։
ԼՈՒՐԵՐ․com-ը Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք տղամարդու մահվան դեպքով նոր հանգամանքներ պարզվել են։ «Դեպքի առթիվ քննություն է տարվում, ավարտից հետո պարզ կլինի։ Առաջին օրվանից ինչ տեղեկություն կա` դա է, իրավապահները զբաղվում են այդ հարցով»,- ասաց նա։
Համայնքի ղեկավարը հերքեց լուրերը, թե տղամարդը հոգեկան խնդիրներ է ունեցել․ «Հոգեկան խնդիրներ չի ունեցել, նորմալ մարդ էր, բանվոր էր աշխատում։ Ամուսնացած էր, ունի 4 անչափահաս երեխա»,- նշեց Աթայանը։