Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխել Թուրքիայի քաղաքացի, վիճակը կայունանալուց հետո դուրս է գրվել եւ հանձնվել ռուսական խաղաղապահ զորակազմին։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
«Սույն թվականի մարտի 18-ին ժամը 17:09-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ օգնության բժշկական կայան» ահազանգ է ստացվել, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի զինվորական հոսպիտալում է գտնվում Թուրքիայի Ստամբուլ քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Մեհմադ էսսեն Հասանին՝ «Սուր կորոնար համախատանիշ, սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի թրթռում, կարդիոգեն շոկ, սրտամկանի տարած ինֆարկտ» ախտորոշումով:
Այնուհետեւ հիվանդը տեղափոխվել է ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել են բոլոր միջոցառումները: Հիվանդը դուրս է բերվել կարդիոգեն շոկից, բուժսպասարկում ստացել վերակենդանացման բաժանմունքում, որտեղ մնացել է մինչեւ մարտի 19-ը ժամը 13:00:
Վիճակը կայունանալուց հետո դուրս է գրվել եւ հանձնվել Ռուսական խաղաղապահ զորակազմին»,- հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
Նշենք, որ ավելի վաղ «Sputnik Արմենիա»-ն վկայակոչելով տեղեկատվական աղբյուրին՝ հայտնել էր, որ սրտի կաթվածով ադրբեջանցին տեղափոխվել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, որտեղ ենթարկվել է սրտի վիրահատության՝ կորոնար անոթների ստենտավորման։