Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1343,3 հա տարածք, 420,8 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 268 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:
***
Ռուսաստանյան խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 32 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«2020 թ. նոյեմբերի 14-ից մինչ օրս, ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 52 հազար 447 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուսական խաղաղապահների զորակազմը:
Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։