Search
Close this search box.

Գտնվել է ՊՆ դարպասները կոտրած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին

Օրեր առաջ Պաշտպանության նախարարության դարպասները մեքենայով կոտրած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին հայտնաբերվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդանյանի փաստաբանը՝ Կարեն Ստեփանյանը։

Անհետ կորած Գոռ Վարդանյանի ծնողները դեռ դեկտեմբերին էին ԴՆԹ անալիզ հանձնել, սակայն միայն անցյալ շաբաթ՝ հունվարի 15-ին է պարզվել, որ գտնված դին նրանց որդունն է։ Գոռ Վարդանյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հունվարի 17-ին։

Հիշեցնենք, որ ՊՆ ռազմական ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հունվարի 10-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Վարդանյանն իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել էր ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասներին, կոտրել դրանք եւ մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք:

Այնուհետեւ նա մեքենայով կոտրել էր վարչական մասնաշենքի մուտքի դռները եւ մեքենայով մխրճվել շինության մեջ։

Գուրգեն Վարդանյանը ձերբակալվել էր, այնուհետեւ ազատ արձակվել։ Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327.6 հոդվածի 5-րդ մասով (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) եւ 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):

Please enter a valid URL