Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են.
«Շրջափակվածներին անվնաս հեռացրեց, սակայն ինքը չհասցրեց հեռանալ
Ադրբեջանի սանձազերծած արցախյան երկրորդ պատերազմում զոհվել է փոխգնդապետ Արտակ Մարտիրոսյանը: 45 տարեկան էր:
Փոխգնդապետ Մարտիրոսյանը այս տարվա՝ 2020 թվականի, մայիսից ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում, դրանից առաջ երկար տարիներ ծառայել էր ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ գումարտակում, իսկ 2018-2020-ի մայիս հատվածում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչությունում:
Արտակ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ եւ ակտիվ մասնակցությամբ կահավորվեց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնի հրաձգարանը, որտեղ կրակային պատրաստության դասեր էին անցկացնում ոչ միայն քաղաքացիական պաշտպանության ուժերի ծառայողները, այլ նաեւ՝ ՃԿՊԱ ուսանողները:
Արտակ Մարտիրոսյանը ռազմաճակատ էր մեկնել պատերազմի առաջին օրերին, Հադրութ-Ֆիզուլի հատվածում էր: Ընկերները պատմում են, որ երբ լուր ստացվեց, որ մեր ժամկետային զինծայառողների մի խումբ շրջափակման մեջ է, փոխգնդապետն առանց վարանելու գործի անցավ, հաջողեց շրջափակվածներին անվնաս հեռացնել վտանգավոր գոտուց, սակայն ինքը չհասցրեց հեռանալ. թուրքական հարվածային անօդաչուն մարդուց արագ է շարժվում:
Երկարատև ծառայության ընթացքում Արտակ Մարտիրոսյանը պարգևատրվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, «Մարտական ծառայության», «Անդրանիկ Օզանյան» և այլ մեդալներով ու շքանշաններով:
Հավերժ փառք և խոնարհում»: