Search
Close this search box.

«Հայաստան» հիմնադրամը Արցախում մեկնարկում է բնակարանաշինության նոր ծրագեր

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, քննարկվել են համահայկական կառույցի կողմից Արցախում իրականացվող աշխատանքների ընթացքն ու նոր ծրագերի գործարկման մանրամասները:

Գրիգորի Մարտիրոսյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ առկա համագործակցության մակարդակը, ինչը, հատկապես վերջին շրջանում, արտահայտվել է պատերազմի ընթացքում և հրադադարի պայմաններում Արցախին ուղղված բազմաթիվ միջոցառումների իրականացմամբ: Պետական նախարարը կարևորել է քաղաքաշինության նախարարության հետ իրականացվող վնասների գնահատման, վերականգնողական աշխատանքներում ակտիվ մասնակցությունը, ապրանքանյութական մասով աջակցությունը, ինչպես նաև նոր ծրագրերի ներդրման պատրաստակամությունը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն, իր հերթին կարևորելով հիմնադրամի ծրագրերում Արցախի կառավարության մասնակցությունը, ներկայացրել է նախատեսվող բնակարանային շինարարության ծրագրերը Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում և քաղաքային ու գյուղական մի շարք բնակավայրերում: Մասնավորապես, Ասկերանում կկառուցվի 9 բնակելի շենք՝ 246 բնակարանով, Մարտունիում 4 բնակելի շենք՝ 132 բնակարանով, իսկ առաջիկա օրերին կներկայացվեն Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում նախատեսվող բնակարանաշինության ծավալը:

ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հավաստմամբ՝ շինարարական ընկերությունների, շինանյութի, եվրոպատուհանների ու դռների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների հետ համապատասխան իրավական աշխատանքն է տարվել, և պատրաստ են շինաշխատանքների մեկնարկը տալու:

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Արցախի վերականգման հարցում կարևորել է յուրաքանչյուր հայի ներդրումը՝ ևս մեկ անգամ շեշտելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը պատերազմի ծանր հետևանքները մեղմելու և վաղվա օրվա հանդեպ հավատը վերակերտելու հարցում:

Please enter a valid URL