Ադրբեջանցիները, օգտվելով փաստից, որ խաղաղապահները դեռևս չէին տեղակայվել Հադրութի շրջանի հայկական կողմին մնացած Խծաբերդի, Հին Թաղերի հատվածում, գրոհ էին ձեռնարկել, որի հետևանքով կան վիրավորներ, գերեվարվածներ, տեղի բնակիչների փաստմամբ՝ նաև զոհեր:
Այս մասին հանրությանը հայտնի դարձավ դեկտեմբերի 15-ի երեկոյան, երբ համացանցում հայտնվեցին ադրբեջանական տեսանյութերը:
Հին Թաղեր գյուղի բնակիչներից Գրիշան, ով ժամանակավոր բնակվում է Երևանում՝ պատմեց, որ թշնամին մտել, այնտեղից ռուսներին էլ է հանել:
«Սարերում լրիվ ադրբեջանցիներ էին, կռիվ գնաց, գերիներ վերցրեցին, նաև զոհեր եղան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հին Թաղերի մեկ այլ բնակիչ էլ՝ տիկին Լալան, շարունակելով համագյուղացու խոսքը՝ հավելեց.
«Գյուղից մենք ավելի վաղ էինք դուրս եկել, երեխաներին, կանանց հանել էին: Հույս ունեինք, որ կրկին կվերադառնանք, բայց այդպես չեղավ: Ամեն ինչ թողել ենք՝ տուն-տեղ, ունեցվածք: Թշնամին չորս կողմից պաշարել էր, բոլորն էլ ամեն ինչ թողել, մի կերպ դուրս են եկել: Ինչ ունեինք՝ մնաց թշնամուն: Հույս չունեինք, որ կփրկվեինք, դեռ լավ է՝ կարողացել ենք դուրս գալ: Կռիվ է եղել, գերիներ են վերցրել: Այս պահին իմ 6 հոգանոց ընտանիքի հետ ապրում եմ Մալաթիա-Սեբաստիա համայնքի մանկապարտեզներից մեկում՝ Հադրութից, Շուշիից ժամանակավոր տեղափոխված մյուս արցախցիների հետ: Համայնքապետարանը սնունդով օգնում է, կոմունալները մենք չենք վճարում: եթե Ստեփանակետում տուն լինի, ապահովեն ամեն ինչով, կուզենք վերադառնալ»:
Հիշեցնենք՝ Արցախի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 16-ին հայտնեց, որ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։
Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը:
Միջադեպի առաջին իսկ ժամերից, ըստ հաղորդագրության, ռուս խաղաղապահների աջակցությամբ, տարվում են անհետաձգելի աշխատանքներ զինծառայողների ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու ուղղությամբ: