Hraparak.am-ը գրում է. Մեր տեղեկություններով՝ Հադրութի 2 գյուղերի՝ Խծաբերդի և Հին Թաղերի հանձնման ընթացքում Պաշտպանության բանակը վերջին 2 օրերի ընթացքում 9 զոհ է ունեցել, որոնց մարմինները այժմ տեղափոխվում են Էջմիածնի դիահերձարան։ Մեզ ասացին, որ տղաների դիակները գտել է հրամանատարը, ռուս խաղաղապահների միջոցով հնարավորություն է ստացել մտնել տարածք և դուրս բերել դիակները, այդ հատվածից ևս 10 հոգու հաջողվել է փրկվել, իսկ զինծառայողներից մեկի մարմինը չի գտնվել, հավանաբար, գերեվարվել է։
Տեղեկացանք նաև, որ զինծառայողները պահեստազորայիններն են՝ Արմավիրի մարզից, այդ պատճառով էլ բերվում են Էջմիածին։ Այս պահին գյուղերը հսկում են խաղաղապահները, բայց գյուղերը փաստացի գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ։ Տեղեկությունը փորձեցինք նաև պաշտոնապես ճշտել պաշտոնական խողովակներով, սակայն վերջին 3-4 օրերին պաշտոնական պարզաբանում ստանալը անհնար է, քանի որ որևէ պաշտոնյա կամ լիազորված անձ, այդ թվում՝ ՊՆ լրատվական վարչության պետ Գևորգ Ալթունյանն ու ՊԲ խոսնակ Սուրեն Սարումյանը, լրագրողների զանգերին չեն պատասխանում, իսկ տարածվող պաշտոնական պարզաբանումները ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ենթադրում էր ռազմական գործողությունների դադարեցում, գերիների փոխանակում և այլն, սակայն մինչ այժմ ադրբեջանական կողմը գերեվարում և սպանում է հայ զինվորականներին։