Բաքուն հաստատել է Հադրութի տարածաշրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ ունեցած 4 զոհի և 2 վիրավորի մասին՝ պատասխանատվությունը դնելով հայկական կողմի վրա:
Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ, որը հրապարակել է RIA-ն, ասվում է, իբրև թե հրադադարի ռեժիմ հայտարարելուց հետո Հադրութի շրջանի անտառային հատվածներում դեռևս մնացել են հայկական զինված խմբավորումներ: Ռուս խաղաղապահները նրանց բարձրախոսներով հորդորել են դուրս գալ տարածքից, սակայն նրանք ընդդիմացել են և հարձակվել ադրբեջանական ուժերի վրա:
«Այսպես, 2020 թավականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի ՊՆ 3 զինծառայողներ սպանվել են Ցոր գյուղի տարածքում, երկուսը՝ վիրավորվել: Դեկտեմբերի 8-ին էլ Հադրութի մոտակայքում զոհվել է մեկ զինծառայող, ծանր վիրավորվել է Azercell-ի՝ կապի միջոցներ տեղադրող աշխատակիցներից մեկը: Հաշվի առնելով այս ամենը՝ Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունն ստիպված է եղել այս տարածքում իրականացնել հակաահաբեկչական գործողություն»,- ասվում է ադրբեջանական կողմի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հարձակում է գործել Հադրութի՝ հայկական վերահսկողության տակ մնացած 2 գյուղերի՝ Հին Թաղերի ու Խծաբերդի վրա: Հին Թաղերն արդեն գրավված է, Խծաբերդում այժմ գտնվում են մի կողմից խաղաղապահներն ու հայկական ուժերը, մյուս կողմից՝ ադրբեջանական ուժերը: