Արցախում շարունակվում են ականազերծման աշխատանքները:Վերջին մեկ օրում ինժեներական և սակրավորական աշխատանքներ են կատարվել Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքներում: Ականազերծվել է 11,9 հեկտար տարածք, 130 շինություն: Հայտնաբերվել և ոչնչացվել է 172 չպայթած արկ և ական: Հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Նոյեմբերի 23-ից ընթացող ականազերծման աշխատանքների արդյունքում չպայթած զինամթերքից մաքրվել է 148,97 հեկտար տարածք, 31,1 կմ ճանապարհ, 325 տուն և այլ շինություններ, այդ թվում սոցիալական նշանակության 8 շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է 4760 պայթյունավտանգ առարկա: Լիսագորում վերջին մեկ օրում վերականգնվել է 500մ էլեկտրահաղորդման մալուխ, 1,5 կմ գազատարի պահուստային հատված։
Մարտակերտի բնակկոմունալ ծառայության և ռուս խաղաղապահների համատեղ ուժերով քաղաքում վերականգնվում և վերանորոգվում են տները: Վերջին մեկ օրում Մարտակերտում վերականգնվել է մեկ տուն և 250մ էլեկտրահաղորդման մալուխ:
Միջազգային Կարմիր խաչի, Արցախի փրկարարական ծառայության և ռուս խաղաղապահների համատեղ ջանքերով շարունակվում են դիերի դուրս բերման և անհետ կորածների որոնումները: Գործում է թեժ գիծ, որտեղ 462 անհետ կորածի մասին դիմումներ են ստացվել: Դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին, որոնց թիվը 3-5 անգամ մեծացել է: