«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախում կառուցվածքային փոփոխությունները շարունակվում են, և առաջիկայում նոր նշանակումներ կլինեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն նոր պաշտոնի օրինակելի առաջարկ է արել Արցախի ընդդիմադիր գործիչ Հայկ Խանումյանին:
Մասնավորապես, ընդդիմադիր գործչին առաջարկել են զբաղեցնել Արցախի տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, և քննարկումները դեռ ընթանում են:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս առնչությամբ Հայկ Խանումյանը նշեց. «Բանակցություններ են գնում նոր իշխանություն ձևավորելու համար»: Վերջինս չմանրամասնեց՝ նման առաջարկ ստացել է, թե ոչ, սակայն, ըստ էության, չհերքեց, որ կարող է համաձայնել այս կամ այն պաշտոնին: Բացի այս, առաջիկայում փոփոխություններ կլինեն նաև արտաքին գերատեսչութան ոլորտում՝ հենց նախարարի մակարդակով:
Մեր տեղեկություններով՝ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու առաջարկ է արվել Արցախի ժողովրդավական կուսակցության անդամներից մեկին:
Հիշեցնենք՝ այս կուսակցության նախագահը Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն է, որի կուսակցությունը անցողիկ շեմ հաղթահարեց այս տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է միասնական կառավարմամբ, իշխանությունը կիսելով դուրս գալ ստեղծված իրավիճակից և նոր անձանց է պաշտոնների նշանակում:
Հենց այդ քայլերի շրջանակներում Վիտալի Բալասանյանը փոխարինեց Սամվել Բաբայանին՝ նշանակվելով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ Մանե Թանդիլյանն էլ Երևանից տեղափոխվեց Արցախ և ստանձնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը»: