Search
Close this search box.

«Երեխեն ինձ հետ խոսելիս զոհվեց». Արցախում նահատակված 22-ամյա Նորայրը տան միակ երեխան էր

Արցախում նահատակված 22-ամյա Նորայր Վարդանի Սարգսյանը Շիրակի մարզի Հարթաշեն գյուղից էր, տան միակ զավակը: Նրա հորեղբայրը՝ Վահան Սարգսյանը, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Նորայրը 7 տարեկան է եղել, երբ նրա մայրը մահացել է:

«Նորայրը ոչ քույր, ոչ եղբայր չունի, 7 տարեկանում էլ մորն էր կորցրել: Պահեցինք, մեծացրեցինք, եղավ 22 տարեկան ու այսպես եղավ… Ապրում էինք միասին՝ ինքը, հայրը, ես, ես էլ ընտանիք չունեմ, ամուսնացած չեմ: Մեզ հետ նաև Նորայրի տատիկն էր ապրում՝ մայրս, ինքն էլ անցած ամիս մահացավ, այսօր 40 օրն է…»,- նշեց Վահանը:

Նորայրի հորեղբայրը պատմեց, որ եղբորորդին դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ, ծառայությունն ավարտելուց 1 ամիս անց աշխատանքի էր անցել ոստիկանության ներքին զորքերում:

«Գնաց թղթերը տվեց, ընդունվեց ոստիկանության ներքին զորքեր: Գոհ էր, աշխատում էր, լավ էր, մեզ էլ էր օգնում: Այս կռիվը, որ եղավ՝ հենց առաջին օրերին մեկնեց ռազմաճակատ, բայց հոկտեմբերի 22-ին, որ տատիկը մահացավ՝ 3 օրով եկավ, մասնակցեց արարողություններին: Ես իրեն համոզեցի, որ չգնա, պատասխանեց՝ ընկերս մահացել է, ինքը կին ու երեխա ունի, ես ոչ մի բան չունեմ… Երեխեն գնաց այն բանով, որ նորմալ պետք է լիներ, այն էլ այսպես եղավ…»,- պատմեց Նորայրի հորեղբայրը:

Նա նաև հիշեց, որ Նորայրը վերջին անգամ հենց իր հետ էր խոսել. «Նոյեմբերի 5-ի երեկոյան եմ հետը խոսել: Հաջորդ օրը երեխեն զանգեց ու ինձ հետ խոսելիս զոհվեց… միայն հասցրեց գոռալով ասել՝ հոպար, ամեն ինչ լավ կլինի, ու կապը կտրվեց… Շատ բարի, կամեցող ու գաղտնապահ տղա էր, որ ծառայության մասին հարց էին տալիս, պատասխանում էր՝ արեք հետս, կտեսնեք, թե ինչ կա, ոչինչ չէր ասում:

Նորայրը շատ նպատակներ ուներ, բայց առաջնայինը պետք է տունը վերանորոգեր, ավաղ, չհասցրեց, հիմա հորեղբայրն է փորձում եղբորորդու նպատակն իրականացնել.

«Պիտի գար տունը սարքեր, հիմա երեխու ուզածը ես եմ անում, որ սիրտս հանգիստ լինի…»:

Նորայր Սարգսյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին՝ Շիրակի մարզի Հարթաշեն գյուղում:

Please enter a valid URL