Առայսօր իմ ստացած տվյալներով, տարբեր տեղերից ավելի քան 400 մարմին է փոխանցվել հայկական կողմին: Դրանց մի մասը մեր փրկարար ծառայությունները, ԿԽՄԿ-ն ու ռուսական խաղաղապահներն են գտել մարտադաշտերում՝ համատեղ որոնման աշխատանքների արդյունքում: Մենք էլ բնականաբար ադրբեջանական դիակներ ենք փոխանցել նրանց: Այս մասին այսօր հայտարարել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Քանի որ մարտական գործողությունները տեղի են ունեցել գլխավորապես այն տարածքներում, որոնք այժմ գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո, պարզ է, որ իրենց վերահսկողության ներքո ավելի շատ հայկական մարմիններ կան, քան մեր վերահսկողության ներքո ադրբեջանական դիակներ:
Բայց տարբեր տեղեկություններ ունենք, այդ թվում ադրբեջանական կողմից փաստարկված, որ իրենք տարբեր տեղերից հավաքել են հայկական մարմինները, տարբեր տեղերում պահում են ու ժամանակ են ձգում:
Փաստացի ադրբեջանական կողմն իր միջազգային պարտավորությունները, ինչպես նաև հայտարարությամբ հաստատված պարտավորությունները չի կատարում:
Ես կարող եմ ենթադրել, որ ձգում են, քանի որ նպատակ ունեն լրացուցիչ կերպով ազդել ներհայկական լարվածության վրա ու հոգեբանական տառապանքները խորացնել հայության շրջանում: Նաև այդ պատճառով է, որ նրանք շարունակում են գերիների ու դիակների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ տեսանյութերի, լուսանկարների հրապարակումներն ու տարածումը:
Այս տեսանյութերից միջազգային հանրությունը մեծ անելիք ունի, պետք է ճնշեն ադրբեջանական կողմին, որպեսզի մարդասիրական հարցերը չդարձնեն քաղաքական առևտրի հարց:
Մեր կառավարություններն էլ իրենց լիազորությունների ու կարողությունների շրջանակներում պետք է կատարեն անհետ կորածներին գտնելու, դիակներն ու գերիները հետ բերելու համար»,-ասաց նա:
«Վերջին օրերին նաև մեր փրկարար ծառայությունը ԿԽՄԿ-ի հետ համատեղ ռուս խաղապահների աջակցությամբ որոշ տեղեր են այցելել, այդ թվում՝ հարավային թևի բնակավայրեր, Հադրութի շրջան:
Արդյունքում որևէ մեկին չեն գտել, այնտեղ մարմին էլ չի հայտնաբերվել: Ենթադրվում է, որ ադրբեջանական կողմը նախօրոք հավաքել է մեր մարմինները հետո մուտքի թույլտվություն տվել»,-հավելեց նա: