Search
Close this search box.

ԱԹՍ-ի հարվածից զոհված ապագա բժիշկ Նարեկ Սարգսյանի երազանքը մնաց կիսատ

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է զոհված զինծառայող Նարեկ Սարգսյանի մասին պատմությամբ:

««Մերօրյա հերոսները» Նարեկ Սարգսյան

Մեր Նարեկը ծառայել է Մարտակերտի զորամասերից մեկում, զոհվել է թշնամու անօդաչու սարքի հարվածից․․․
ԵՊԲՀ մի շարք ապագա բժիշկներ Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում անմահացան՝ չհասցնելով իրականացնել բժիշկ դառնալու երազանքը:

Նարեկ Սարգսյանն Ագարակ քաղաքից էր, սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետ: Առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանի խոսքով՝ Նարեկն աչքի էր ընկնում բարությամբ, օրինակել էր, բազմակողմանի զարգացած և սովորում էր գերազանց առաջադիմությամբ:

Քրոջ՝ Զարե Սարգսյանի խոսքով՝ դպրոցում ևս միշտ առաջինն էր: «Սովորել է գերազանց, տարբեր առարկաներից մասնակցել է հանրապետական օլիմպիադաների՝ արժանանալով բարձր գնահատականների: Չկար խնդիր, որից Նարեկը չկարողանար գլուխ հանել, միշտ օգնող, ընկերասեր, չափից դուրս՝ պատասխանատու: Ցանկանում էր հայրենքի առաջ պարտքը կատարել, բանակից վերադառնալ և հանգիստ սրտով շարունակել ուսումը: Վստահ եմ՝ շատ լավ մասնագետ կդառնար, հայրենիքի համար պիտանի մարդ»,- պատմում է Նարեկի քույրը:

Համակուրսեցիները ևս ցավով ու կարոտով են խոսում Նարեկի մասին: Նրան բնութագրում են որպես կարգապահ, նպատակասլաց: «Ցավոք մեր երկիրը նրա նման բժիշկ կորցրեց, իսկ մենք՝ գործընկեր:

Նարեկը կոչված էր բժիշկ դառնալ: Միշտ օգնության հասնող Նարեկը բնավորությամբ անվրդով էր»,- ընդգծում է Սոնա Մելիքբեկյանը՝ հավելելով, որ հայրենքն իր կյանքի գնով պաշտպանած ապագա բժիշկի հիշատակը միշտ վառ կմնա համակուրսեցիների հիշողություններում:

Նարեկը ծառայել է Մարտակերտի զորամասերից մեկում, զոհվել է թշնամու անօդաչու սարքի հարվածից՝ բռնելով անմահության ճամփան…»:

Please enter a valid URL