Search
Close this search box.

Պարտության գլխավոր խորհրդականը՝ պարտության նախարա՞ր. Նայե՛ք Թուրքիային

Երեկ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է պաշտպանության նախարար։ Նա մեկ անգամ էլ է աշխատել այդ պաշտոնում՝ 1999-2000-ին եւ հեռացվել է Արամ Սարգսյանի կառավարությունը ցրելուց հետո։ Մինչեւ 2020 թ․ օգոստոս զբաղվել է ընդդիմադիր եւ «վերլուծաբանական» գործունեությամբ, հետո նշանակվել գլխավոր խորհրդական։

ԶԼՄ-ները հայտնում են, որ մինչ նրա նշանակումը Նիկոլ Փաշինյանն առաջարկ է արել այլ զինվորականների, ովքեր մերժել են։

Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարությունում ներկայացրել է Վաղարշակ Հարությունյանին՝ նշելով, որ «մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու և ինչ պետք է անենք՝ հետևություններ անելու համար»։

Վաղարշակ Հարությունյանն, ըստ պաշտոնական հաղորդագրության, շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել. «Իրավիճակը կապված է տարածաշրջանում Թուրքիայի գործունեության հետ, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության և պատերազմից հետո ստեղծված այն իրավիճակի հետ, որը մենք ունենք: Ես համոզված եմ, որ մենք կարճ ժամանակում կնախապատրաստենք, կգնահատենք արդյունքները, սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառները և կնախապատրաստենք բարեփոխումների նոր փաթեթ, որը Ձեզ կզեկուցենք»:

Այս մեջբերումն արդեն սարսուռ է առաջացնում 20 տարի զինվորական միջավայրից հեռացած եւ 90-ականների ռազմական ու քաղաքական կարծրատիպերի մեջ մնացած նոր նախարարի «բարեփոխումների» կապակցությամբ։ Բանն այն է, որ բարձրաստիճան զինվորականների եւ ընդհանրապես մարտերին իրական մասնակցություն ունեցածների այս օրերի բացահայտումները քաղաքական ղեկավարության՝ պարտության տանող մեղմ ասած անհամարժեք որոշումների մասին վկայում են նաեւ գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրող վարչապետի գլխավոր խորհրդականի, որոշ տվյալներով, վճռորոշ պատասխանատվությունը։

Հատկապես այն պայմաններում, երբ խոսվում է Մեղրիի օտարման եւ Հայաստանի սահմանի ողջ երկայնքով թուրքական զորքերի կուտակման մասին։ Պատերազմի օրերին Վաղարշակ Հարությունյանի հազվադեպ ելույթներն արտահայտում էին բացառապես Ռուսաստանի ակնհայտ մասնավոր շահերի հանդեպ նրա մտահոգությունները՝ Արցախի դեմ ավերիչ պատերազմի, հազարավոր զոհերի ու վիրավորների, հայ բնակչության տեղահանման ողբերգական ֆոնին։
lragir.am

Please enter a valid URL