Երեկ ՌԴ նախագահ Պուտինը եւ ԱԳ նախարար Լավրովը տեսակոնֆերանսի ժամանակ անհանգստություն են հայտնել, որ որոշ ուժեր փորձում են կասկածի տակ դնել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը եւ խափանել դրա իրականացումը:
Խնդրին անդրադարձել ենք երեկվա հրապարակմամբ, նոյեմբերի 9-ից հետո ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակի որոշ հանգամանքների ընդգծումով: Ի լրումն պետք է նշել, որ նոյեմբերի 9-ից հետո Բաքուն մի քանի անգամ խախտել է եռակողմ համաձայնությունը: Նոյեմբերի 11-ին Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին գերեվարվել կամ առեւանգվել են 10 քաղաքացիներ, որոնց հարցով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ: Օրերս հայտարարվեց, որ այդ ճանապարհն անվտանգ է, սակայն ճանապարհի մի հատվածը վերահսկում են Բաքվի ուժերը, եւ չկա որեւէ երաշխիք, որ այդ դեպքերը չեն շարունակվելու:
Այս համատեքստում, առաջանում է Սոթք-Արցախ ճանապարհի հարցը, որը գործում է մինչեւ նոյեմբերի 25-ը, երբ Քարվաճառի շրջանը պետք է անցնի Բաքվի վերահսկողությանը: Սակայն ճանապարհի փակումն արդեն իսկ դառնալու է եռակողմ համաձայնագրի նոր խախտում, քանի որ դրա կետերից մեկը վերաբերում է բոլոր հաղորդակցությունների բացմանը:
Եռակողմ փաստաթղթի հաջորդ խախտումը Բավի կողմից Շուշիի Կանաչ ժամի գմբեթների ոչնչացումն է: Ընդ որում, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պուտին-Ալիեւ զրույցում վերջինս խոստացել է ապահովել Ղարաբաղի կրոնա-մշակութային հուշարձանների պահպանումը եւ ազատ մուտքը այցելուների համար:
Թե ինչ արժե Ալիեւի խոստումը, գիտեն բոլորը: Բանն այն է, որ Բաքվի ռազմավարության մեջ է մտնում հայկական ժառանգության ոչնչացումը, քանի որ այդ երկիրը ստեղծվել է հայկական տարածքների վրա, եւ խնդիր է դրված վերացնել հայկական հետքը:
Այս առումով, հարց է առաջանում, ի վիճակի՞ են լինելու ռուս խաղաղապահներն ապահովել այս դրույթները: Խիստ կասկածելի է: Նախ, դրա համար նրանք պետք է շարվեն բոլոր ճանապարհների երկայնքով ու հսկիչ կետեր դնեն կրոնա-մշակութային բոլոր հուշարձանների մոտ, ինչն անիրական է, եթե այդ տարածքները չեն մնում հայկական վերահսկողության տակ: Ռուսաստանն այս հարցերով հորդորում է ներգրավվել միջազգային համապատասխան կառույցներին, սակայն դա նույնպես հարցի լուծում չէ:
Ինչ է անելու Ռուսաստանը, եթե շարունակվեն այս միջադեպերը: Ռուսաստանի խնդիրն իհարկե դա չէ, եւ Մոսկվան արձագանքելու է միայն իր ռազմական ներկայությանը սպառնացող վտանգին: Մյուս կողմից, այդ միջադեպերն անխուսափելիորեն սպառնալիք են դառնալու նաեւ ՌԴ զորախմբի համար, հատկապես Շուշիի, Հադրութի, Քարվաճառի եւ Քաշաթաղի հանձնումից հետո:
Այս կապակցությամբ հարց է առաջանում՝ ո՞վ կա Հայաստանում, որին դեռ հետաքրքրում է Ղարաբաղի ճակատագիրը: Նման խախտումների պարագայում Բաքուն համաշխարհային անասելի ոռնոց կբարձրացներ, իսկ Հայաստանում բավարարվեցին մեկ-երկու ապաքաղաքական տարտամ հայտարարությամբ: Ռուս եւ եվրոպացի արվեստագետների կոչերն ավելի շատ եւ լուրջ քաղաքական բովանդակություն էին պարունակում:
Հայաստանում դեռ կա՞ որեւէ պետական կառույց, քաղաքական դերակատարություն ունեցող որեւէ պառլամենտական ու ոչ պառլամենտական խումբ, որոնց այս հարցերը հետաքրքրում են: Հայտարարություններ են արվում, թե փորձելու են ինչ որ բաներ փոխել այդ աննպաստ համաձայնագրում, բայց ահա այսպիսի փաստերի պարագայում լռություն է: Իսկ դրանք էական փաստեր են, այն էլ՝ համաձայնագրի կատարման մեկնարկին, ինչն իսկապես հնարավորություն է ինչ որ բան շտկելու: Էլ չենք խոսում այն մասին, որ ի սկզբանե Ադրբեջանի գործողությունները եւ դրանց հետեւանք համաձայնությունը տեղով մեկ «կոմպրոմատ են»: Թե՞ երեք տասնամյակ «միջազգային հանրության» տակ մակաբուծելուց հետո հիմա էլ որոշել են շարունակել մակաբուծել ռուս խաղաղապահների տակ: Դա այլեւս անհնար է: Հայաստանին ու աշխարհին փաստարկներ են պետք, ոչ թե մակաբույծներ:
Ի դեպ, օկուպացված տարածքներում Բաքուն Թուրքիայի դրոշներ է տնկում: Ահա ձեզ եւս մեկ լուրջ եւ տարողունակ փաստարկ:
lragir.am