Այսօր՝ առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատ են խոսում այն մասին, որ Շուշին հանձնվել է։
«Կարդացի Արցախի նախագահի գրառումը, որտեղ, ցավոք սրտի, ասվում է, որ Շուշիի մերձակայքում հարյուրից ավելի զինվորների մարմիններ են հայտնաբերվել։ Եթե Շուշին հանձնվել է, ապա այդ զինվորներն ո՞ւմ հրամանով կամ ինչի համար են կռվել»,- նկատեց վարչապետը։
«Ասեմ ավելին՝ քաղաքական հարթակներից հնչում է, որ կան կոնկրետ անուններ, ովքեր պատրաստ են վկայել, որ Շուշիի նկատմամբ դավադիր որոշում է կայացվել։ Իրավապահ մարմինները հրավիրել են այդ հայտարարության անձին և փորձել են ստանալ տեղեկություններ, թե ովքեր են դավադիրները, ինչ դավադրության մասին է խոսքը, և ինչպես է դա տեղի ունեցել։ Ինչքանով ես տեղյակ եմ, այդ հայտարարության հեղինակը հրաժարվել է կոնկրետ պատասխաններ տալ»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ դավաճանության մասին հայտարարություն անողն, ով խուսափում է իրավապահ մարմիններին տեղեկատվություն տալ, նույնպես դավաճան է։