Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ Ադրբեջանը ժամեր շարունակ ուժգին հարվածներ է հասցրել Ստեփանակերտին և որ արդեն արձակվել են տասնյակ հրթիռներ:
«Հավանաբար, սա այս պատերազմի ընթացքում Ստեփանակերտում ամենաագրեսիվ օրն է»,-գրել է ՄԻՊ-ը:
Նշենք, որ ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն։
«Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը»,- ասված է ՊԲ տարածած հայտարարության մեջ։