«Սյունյաց երկրին» հաջողվեց այսօր կապ հաստատել ռազմաճակատի հարավ-արեւելյան թեւում մարտական դիրքեր պաշտպանող «Հայոց արծիվներ» կամավորական ջոկատի (վաշտի) հրամանատար, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ասրյանի հետ:
«Հայոց արծիվներ» ջոկատը ռազմաճակատ է մեկնել հայրենիքի կանչով՝ սեփական նախաձեռնությամբ:
Եվ սեպտեմբերի 29-ից մինչեւ հիմա, առանց հերթափոխի, արժանապատվորեն պաշտպանում է վստահված դիրքերը:
Հայրենապաշտությունը Խաչիկ Ասրյան սյունեցու եւ նրա հետեւորդների համար կոնկրետ գործեր է ենթադրում: Դրա հերթական վկայությունը մարտական ներկա առաքելությունն է, որ փառավոր կերպով իրականացնում է քաջերի այդ վաշտը:
«Հայոց արծիվները» մարտական սխրալից ուղի են անցել նաեւ 2016-ի ապրիլյան օրերին:
Ըստ Խաչիկ Ասրյանի՝ ջոկատի անդամների տրամադրությունը բարձր է, կա հաստատուն հավատամք՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները ու մոտեցնելու բաղձալի հաղթանակը:
Եվ, առհասարակ, Պաշտպանության բանակի յուրաքանչյուր զինվորի, սպայի եւ բանակին անդամագրված կամավորականի ոգին հերոսական է ավելի, քան երբեւէ:
Պարզվում է՝ կրակագծում նույնպես Խաչիկ Ասրյանն ունի իր յուրօրինակ ու հայրենաշունչ գաղափարախոսությունը կամ պատվիրանների ամբողջությունը, որ ներկայումս թեւածում է կրակագծի այդ հատվածում:
-Յուրաքանչյուր զինվորի, կամավորականի ասում եմ՝ «Դուք ունեք երկու առաքելություն՝ պահպանել ձեր կյանքը եւ պահպանել հայոց սուրբ հողը: Բայց, եթե երկուսի միջեւ ընտրություն կատարելու խնդիր առաջանա, պարտավոր եք նախապատվությունը տալ այս առաքելությանը՝ «Պաշտպանել հայոց սուրբ հողը»՝ զոհաբերելով ձեր կյանքը»,- ասաց Խաչիկ Ասրյանը:
Դե ինչ, «Հայոց արծիվներ» քաջաց ջոկատին մաղթում ենք հաղթանակ եւ շուտափույթ վերադարձ, այն էլ՝ ամբողջ կազմով:
Աստված ձեզ պահապան:
Սամվել Ալեքսանյան