Search
Close this search box.

Հայաստանին այդպես գնահատելը կարող է չափազանց թանկ արժենալ

Նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այց է կատարում Բրյուսել եւ իր նախաձեռնությամբ հանդիպում կունենա ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի, Եվրամիության անվտանգության հարցերի հանձնակատար Բորելի, ԵԽ նախագահ Միշելի հետ:

Ինքնին փաստը, որ հանդիպումները տեղի են ունենալու Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ, արդեն իսկ նշանակալի է, հաշվի առնելով այն, որ բարձր պաշտոնյաները համաձայնել են հայաստանյան նախաձեռնությանն ու համաձայնեցրել իրենց ժամանակացույցը:

Միեւնույն ժամանակ, հանդիպումները անշուշտ պետք են ոչ միայն Հայաստանին, որը Կովկասում բախվել է Թուրքիայի սանձազերծած ահաբեկչական պատերազմի, այլ նաեւ Եվրամիությանը: Կովկասի ահաբեկչականացման թուրքական քայլը մարտահրավեր է ոչ միայն Ռուսաստանին ու Իրանին, այլ նաեւ Եվրամիությանը, հաշի առնելով մի շարք հանգամանքներ: Այդ տեսանկյունից, Եվրոպան ունի մտածելու ոչ պակաս բան:

Սրան զուգահեռ, կա ՆԱՏՕ-ի առերեսումը սեփական դաշնակից Թուրքիայի՝ միջազգային ահաբեկության հետ գործակցության խնդրին: Դրա մասին, ընդ որում, առաջինը բարձրաձայնել է ոչ այլ ոք, քան հենց ՆԱՏՕ-ի անդամ երկրի` Ֆրանսիայի նախագահը:

Իհարկե, պետք չէ թերեւս պատրանք ունենալ Բրյուսել այցի եւ հանդիպումների արդյունքի առնչությամբ, սակայն երկխոսությունն իսկապես կարեւոր է, մասնավորապես մի սկզբունքային ասպեկտի առումով:

Երբ խոսք է գնում արեւմտյան վերաբերմունքի մասին, հնչում է մի` առաջին հայացքից տրամաբանական, սակայն խորքային առումով տարակուսելի փաստարկ: Փաստարկն այն է, թե ինչու՞ պետք է Արեւմուտքը գործուն եւ աշխույժ հակազդի Թուրքիային եւ օգնի Հայաստանին, եթե Հայաստանը դաշնակից է ընտրել Ռուսաստանին, որը Արեւմուտքի թշնամին է: Առերեւույթ տրամաբանական հնչող փաստարկը խորքային առումով ընդամենը կամ քաղաքական անհամարժեքություն, կամ երեսպաշտություն է:

Բանն այն է, որ չնայած Ռուսաստանի ազդեցության գոտում, եվրասիական համակարգերում գտնվելու հանգամանքին, Հայաստանն իր ակախության տարիների ընթացքում դրսեւորել է Արեւմուտքի հետ աշխատանքի թերեւս բացառիկ հավասարակշռվածություն: Հայաստանի հետ հարաբերությունը «յուրային» կամ «օտար» կատեգորիաներով գնահատելը նշանակում է դրսեւորել աշխարհքաղաքական բացառիկ անհամարժեքություն, որի համար արեւմտյան աշխարհը կարող է Թուրքիային վճարել շատ թանկ ու անդառնալի գին:
Lragir.am

Please enter a valid URL