Տարբեր ուղղություններով այսօր համառ մարտեր են ընթացել, որոշ տեղերում մարտերն այս պահին էլ շարունակվում են, հոկտեմբերի 17-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով հակառակորդի հարձակողական գործողությունների մասին, որոնք այսօր շարունակվել են դեռ վառ առավոտից։
«Առավել թեժ մարտեր են եղել հարավային ուղղությամբ, իսկ արդեն հյուսիսային ուղղությամբ այսօր այդքան թեժ մարտեր չեն եղել՝ համեմատած նախորդ օրերի: Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնածավալ գրոհ, հարձակում: Ուղղություններից մեկում մոտ 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում իրականացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է և հակառակորդը ստիպված է եղել նահանջել»,- ասաց նա:
Նա նշեց, որ հակառակորդ արդեն մեծաթիվ զրահատեխնիկա չի կիրառում. կիրառվել է օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ: Հարցին, թե ինչպես կարող են ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք համալրել կամավորականների շարքերը, ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց, որ օրենքը թույլ չի տալիս, որ նրանք զորակոչվեն, սակայն կարող են դիմել Կառավարությանը, Պաշտպանության նախարարությանը առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար։