«Զինվորի կողքին» կազմակերպության նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ հոկտեմբերի 15-ին փոշուց և բեկորներից մաքրել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Արցախի Հանրային հեռուստաընկերությունը պատրաստած ռեպորտաժում նվում է, որ նախաձեռնությանն արձագանքել է Շուշիի շրջանի վարչակազմը:
«Առաջնագծում լսեցինք Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հրետակոծության լուրը և քանի դեռ այստեղ ենք, որոշեցինք շատ թե քիչ բարեկարգել մեր սրբությունը: Սրանով մենք փորձեցինք ուղերձ հղել մեր ժողովրդին, որ երբեք չհուսահատվեն, որովհետև եկեղեցին հրետակոծելով թշնամու նպատակն է կոտրել մեր կամքը, բայց դա նրանց չհաջողվեց, որովհետև երեք արժեք ունենք, որը ոչ-ոք չի կարող մեզանից վերցնել՝ հավատքը, մեր միասնությունը և ազատ ապրելու իրավունքը»,- ասել է նախաձեռնող երիտասարդներից մեկը: