Search
Close this search box.

Հարված ահաբեկիչներին Սիրիայում. Իրանի ու Ռուսաստանի ժամանակը

ՌԻԱ Նովոստին, հղում անելով Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գրինկեւիչին, հայտնում է, որ Սիրիայում՝ Իդլիբից 13 կմ հյուսիս պայթեցվել է ահաբեկիչների զինամթերքի եւ քլորի խոշոր պահեստ, որը նախատեսված էր ահաբեկչական սադրանքներ կազմակերպելու համար: Տեղեկությունը հրապարակվել է նախօրեին ուշ երեկոյան:

Հոկտեմբերի 14-ի երեկոյան տեղեկություն եղավ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը զանգահարել է ՌԴ նախագահ Պուտինին: Քննարկել են Արցախում իրավիճակը, նաեւ իրավիճակը Սիրիայում եւ Լիբիայում: Ըստ Կրեմլի հաղորդագրության, Պուտինը կարեւոր է համարել այդ ուղղություններում Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ձեւավորված արդյունավետ դիվանագիտական «գիծը»:

Միաժամանակ, Պուտինը խիստ մտահոգություն է հայտնել Կովկաս ահաբեկիչներ տեղափոխելու առնչությամբ: Դրանք, ինչպես հայտնի է, Թուրքիան նետել է Արցախի դեմ գրոհի: ՌԴ այդ տեղեկության հավաստիությունը օրեր առաջ արձանագրվել է արտաքին հեռախուզական ծառայության զեկույցում: Հատկանշական է, որ այդ ծառայության ղեկավար Նարիշկինի հայտարարությունից գրեթե անմիջապես հետո ռուսական ուժային կառույցներին մոտ Տելեգրամ ալիքներից մեկով տարածվեց տեղեկություն, որ ՌԴ ռազմա-տիեզերական ուժերը հարվածներ են հասցնելու Սիրիայում ահաբեկչական այն բազաներին, որտեղ պատրաստվում են Կովկաս բերվող ահաբեկիչները:

Եղել է այդպիսի հարված, թե ոչ, պաշտոնական տեղեկություն կարծես թե չի տարածվել: Սակայն հատկանշական է նախօրեին տարածված տեղեկությունը, փաստացի պաշտոնական հաղումով, որ պայթեցվել է ահաբեկիչների խոշոր զինապահեստ: Սպանվել է նաեւ 4 ահաբեկիչ, ըստ տեղեկության:

Միեւնույն ժամանակ, դրա նախօրեին՝ հոկտեմբերի 12-ին տարածվեց տեղեկությունը Չեչնիայից, որտեղ իրականացվել էր հակաահաբեկչական գործողություն, եւ վնասազերվել էին չորս ահաբեկիչներ: Այդ օպերացիայի ընթացքում զոհվել էին նաեւ երկու ռոսգվարդիական: Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ ահաբեկիչները Չեչնիա էին եկել Սիրիայից՝ ահաբեկչական ակտեր կազմակերպելու համար: Դրան էլ նախորդել էր միջադեպ Դաղստանում, որտեղ երկու ահաբեկիչ սպանվել էին ոստիկանների ուղղությամբ կրակ բացելուց հետո:

Սիրիայում ահաբեկիչների բազայի պայթյունը Մոսկվայի պատասխա՞նն է, եթե իհարկե այն ժամանակագրային հաջորդությամբ հաջորդում է, ոչ թե նախորդում Գրոզնիի եւ Դաղստանի դեպքերին: Պուտինին Էրդողանի զանգի անհրաժեշտությունը թելադրած գործոնների շարքում կա՞ նաեւ այդ հանգամանքը:

Մյուս կողմից, Ռուսաստանը մտահոգություն է հայտնում ահաբեկիչների տեղափոխման փաստի հանգամանքով, այժմ նաեւ ՌԴ նախագահի մակարդակով: Իսկ ե՞րբ կհնչի Թուրքիային ուղղված պահանջը՝ հեռացնել ահաբեկիչներին Կովկասից:

Թե՞ Մոսկվան, եւ Աստանայի ձեւաչափի Թուրքիայի մյուս գործընկեր Իրանը Անկարայի առաջ չեն դնի այդպիսի պահանջ՝ առեւտրի առիթ չտալու համար, այլ ձեռնամուխ կլինեն ահաբեկիչների ոչնչացման գործին, որն այժմ իրականացնում է միայն հայկական բանակը:
Նյութի աղբյուր՝ lragir.am

Please enter a valid URL