Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ոտնձգությունների կապակցությամբ նամակ է հղել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսին, հայտնեցին Առողջապահության նախարարությունից: Արսեն Թորոսյանը իր նամակում նշել է, որ Ադրբեջանի ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին, ինչը խստորեն խոչընդոտում է կորոնավիրուսային հիվանդության ազգային, տարածաշրջանային և համաշխարհային արձագանքման ջանքերին և նպաստում վիրուսի տարածմանը:
«Այսօր, երբ ամբողջ աշխարհը պայքարում է COVID-19 համավարակի դեմ, երբ միջազգային հանրությունը կենտրոնացնում է իր ջանքերը՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար, և երբ բոլոր ղեկավարները, ներառյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կոչ են անում համաշխարհային հրադադարի, Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկեցին լայնածավալ օդային, հրթիռային և ցամաքային գրոհներ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը, ենթակառուցվածքներն ու դպրոցները, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչի արդյունքում ունենք բազմաթիվ զոհեր և ավերածություններ քաղաքացիական բնակչության շրջանում»,- գրել է Թորոսյանը:
Առողջապահության նախարարի խոսքով` Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական հարձակումը, որն իրականացվել է անմիջականորեն Թուրքիայի և Թուրքիայի կողմից սատարվող օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ, հանգեցրել է տարածաշրջանում հակամարտության ամենաուժեղ և կործանարար սրմանը 1990-ականներից ի վեր: Թուրք-ադրբեջանական այս ցեղասպան դաշինքը գնալով ավելի շատ ավերածություններ է առաջացնում, զուգորդվելով COVID-19-ի համավարակի տարածումով:
«Չնայած, քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ մարդասիրական և բնապահպանական օբյեկտների անընդհատ ռմբակոծությանը, մեր բժշկական անձնակազմը կատարում է իր պարտականությունները՝ պայքարելով վիրավորների, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական ուժերի կանխամտածված և դիտավորյալ հարձակումների արդյունքում ծանր վիրավորված օտարերկրյա լրագրողների կյանքի ու առողջության համար: Ցավոք, իրենց ծառայությունը կատարելիս մահացու վիրավորվեցին նաև մի շարք բուժաշխատողներ: Հոկտեմբերի 11-ին, երբ հայտարարված է հրադադար, նույնիսկ այդ ժամանակ Ադրբեջանը թիրախավորել է վիրավոր տեղափոխող շտապօգնության մեքենան»,- գրել է Թորոսյանը:
Առողջապահության նախարարը ասել, որ աշխարհը ներկայումս Արցախի Հանրապետությունում ականատես է լինում մարդասիրական աղետի, երբ քաղաքացիական խաղաղ բնակչությունը զրկված է հիմնական բժշկական ծառայություններից և սարսափում է ռմբակոծություններից ու հրթիռային հարվածներից:
«Ողջ խաղաղ բնակչությունը՝ ներառյալ երեխաներն ու տարեցները, իրենց կյանքն ու առողջությունը կորցնելու մշտական վտանգի տակ են:
Մենք հորդորում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որը հանդիսանում է COVID-19 համավարակի դեմ պայքարի աշխատանքները համակարգող առաջատար կազմակերպությունը, համապատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով մարդասիրական աղետը կասեցնելու և COVID-19- ի երկրորդ ալիքի սրումը կանխելու համար:
Եթե Ադրբեջանի կողմից այս զանգվածային ռազմական ագրեսիան շարունակի թիրախավորել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքները, ապա համաշխարհային հանրային առողջապահական հանրությունը չի կարողանա վիրուսի կործանարար հետևանքներից պաշտպանել բնակչության խոցելի խմբերին»,- եզրափակել է Թորոսյանը: