Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ծրագրվում է Ռուսաստանի հովանու ներքո արտգործնախարարների խորհրդակցություն Հայաստանի և Բաքվի մասնակցությամբ: Այդ խորհրդակցությունը հետևում է ՌԴ նախագահ Պուտինի կոչին, որը նախօրեին կոչ էր արել Հայաստանին ու Բաքվին հաստատել մարդասիրական հրադադար և խորհրդակցության համար Մոսկվա էր հրավիրել արտաքին գործերի նախարարներին: ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան հայտարարել էր, որ կողմերը հաստատել են մասնակցությունը:
Սպասե՞լ կայուն հրադադարի հաստատում Պուտինի այդ նախաձեռնությունից, թե՞ ոչ: Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը առավոտյան հայտնեց Ստեփանակերտի նոր հրթիռակոծման մասին: Այսինքն՝ Իլհամ Ալիևից հնարավոր է սպասել միայն ահաբեկչություն և վանդալիզմ՝ ինչպես նախօրեին Շուշիի Սուրբ Ղազանչեցոցի հրթիռակոծումն էր: ՌԴ նախագահի կոչից հետո Ստեփանակերտի հրթիռակոծումը վկայում է մի պարզ բանի մասին՝ Իլհամ Ալիևը կա՛մ թքած ունի այդ կոչերի վրա, կա՛մ Իլհամ Ալիևը բացարձակապես չի տիրապետում Ադրբեջանում տիրող իրավիճակին: Ընդ որում, շատ մեծ է երկրորդ տարբերակի հավանականությունը, ինչի մասին ազդակները ակնառու էին դեռևս պատերազմից առաջ:
Ալիևը վերածվել է գործիքի Թուրքիայի ու նաև Ադրբեջանի բանակի շատ թե քիչ ուժ ներկայացնող սպառազինության գլխավոր մատակարար Իսրայելի ձեռքին: Որովհետև հանում ենք ադրբեջանական բանակի սպառազինությունից իսրայելական հրթիռները և անօդաչուները, և այդ բանակը այլևս պիտանի չէ ոչնչի՝ անգամ թուրքական աջակցությամբ: Միևնույն ժամանակ այլևս ակնառու է, որ քաղաքական-դիվանագիտական իմաստով Ադրբեջանի նախագահի պաշտոնը դեռևս զբաղեցնող Իլհամ Ալիևը նույնպես պիտանի չէ ոչնչի:
Ըստ այդմ՝ ինչ սպասել Մոսկվայում քննարկումից կամ խորհրդակցությունից: Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Պուտինի նախաձեռնությամբ ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ խորհրդակցությունները բացառապես վերաբերելու են կրակի դադարեցմանը, հումանիտար նպատակով գերիների և դիերի փոխանակումը կազմակերպելուն: Խորքային առումով քննարկումը ըստ էության վերաբերելու է Իլհամ Ալիևի «խաղաղ պիտանելիությանը»: Մոսկվայում ըստ էության պարզ է դառնալու հենց այդ հանգամանքը, ըստ այդմ՝ հաջորդիվ դրանից բխող անելիքներին:
1in.am