Գրականությունը գտել է ճանապարհ ավելի հասանելի ու տեսանելի դառնալու համար։ Երեկոյան հանգստի ժամին, աշխատանքի ճանապարհին կամ ընդմիջմանը ֆեյսբուք մուտք գործելիս կարելի է միանգամից հաղորդակից դառնալ «ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ»։
Այս ամենը սկսվել է 6 տարի առաջ գրականագետ, այվազյանագետ, լրագրող Անի Փաշայանի ջանքերով, որը ստեղծել է ֆեյսբուքյան գրականության խումբ ։
Ի սկզբանե էլ խմբի նպատակը եղել է այն, որ նոր ու չճանաչված գրողների համար հարթակ ստեղծվի, որտեղ վերջիններս կկարողանան տեղադրել իրենց գործերն ու հանձնել դրանք հանրության դատին։
Բացի այդ՝ «Գրականություն»-ն առաջին խումբն է, որտեղ նշանավորվել և արժևորվել է ժամանակակից գրողը։ Անի Փաշայանը յուրաքանչյուր գրողին անհատական մոտեցում է ցուցաբերել և ծննդյան առթիվ հատուկ գրառում կատարել խմբում, ինչին ի պատասխան՝ գրողները միշտ զարմացել են: «Ես ջերմ խոսքերով շնորհավորում էի, կիսվում իրենց ստեղծագործություններով, գրում էի իրենց մասին և այդ կերպ արժևորում արդի գրողներին»,-ասում է Փաշայանը։
Խմբի հիմնադիրը 2014 թվականից «Գրականություն»-ը ֆեյսբուքյան փակ խումբ է հայտարարել: Ասում է՝ «Խմբին գրչակներ պետք չէին, և ինչպես այգին է պետք լինում մաքրել, այդպես էլ ինքն է սկսել մաքրել իր խումբը»։
Սակայն ընթերցողների ու գրական մի շարք գործիչների կողմից սկսվում են «բողոքները»:
«Անի, էս ինչի՞ է խումբը փակ, բոլորը ուզում են կարդալ։ Հլը մի հատ բա՛ց արա»,- ասել է նաև Պատրիկ Արտեմին, որից հետո էլ խումբը հայտարարվել է որպես բաց, հասանելի բոլորին: Նոր գործելաոճը է սկսել «աշխատել»։
Անի Փաշայանը նշում է, որ մինչ այդ խմբում նյութերը շատ էին «լցվում», անսահման շատ, ու ընթերցողն էլ չէր հասցնում ընկալել այդ ամբողջը, և ինքն այս խնդիրը լուծել է «այգին մաքրելով»: Այս առիթով Անին ասել է.
«Ոնց որ սոված, ագահ մարդը հանկարծ տեսնի հացի մի մեծ պաշար ի՞նչ կանի էդ հացի մեծ ամանի հետ։ Ինձ թվում էր՝ ես հայտնվել եմ մի տեղ, որտեղ պիտի լցնեմ ամեն ինչ, բայց հետո հասկացա, որ շատ է, և մարդիկ դեռ պատրաստ չեն»։
Ասում է, որ հենց այդ ժամանակ էլ հասկացել է՝ մարդկանց պետք է աստիճանաբար ծանոթացնել Սլավիկ Չիլոյանի, Խաչիկ Մանուկյանի, Ավագ Եփրեմյանի, Էդուարդ Հարենցի, Սոնա Վանի, Արտակ Համբարձումյանի, Ռոմիկ Սարդարյանի, Հովհաննես Գրիգորյանի, Մանասեի, Հենրիկ Էդոյանի, Հուսիկ Արայի, Ներսես Աթաբեկյանի, Էդվարդ Միլիտոնյանի,Ղուկաս Սիրունյանի, Նոնա Պողոսյանի, Բենիկ Ստեփանյանի, Նարինե Ավագյանի, Արևշատ Ավագյանի, Ալիս Հովհաննիսյանի, Գուրգեն Խանջյանի, Անուշ Ասլիբեկյանի, Դիանա Համբարձումյանի, Արամ Պաչյանի, մյուս բոլոր-բոլոր ժամանակակիցների հետ: Հենց այդպես էլ արել է՝ 2014 թվականի փետրվարի 17-ից է սկսել, և խմբի աշխատանքներն իրականցնում են տաղանդավոր մարդիկ, որոնք օգնում են խմբի կայացմանն ու տարածմանը: Շատերն են ճանաչված դարձել հենց այստեղ։ Մարգարիտա Վարդանյանի էսսեներն այնքան են սիրվել, որ ընթերցողները խնդրել են խմբում ավելի շատ տեղադրումներներ անել… Պիտի խոստովանենք, որ մեր այս ժամանակաշրջանը կարծես անհայտ ժամանակով գրականությանը չէ, ավաղ… Եվ խմբի ծնունդը պայմանավորված է հենց սրանով:
Գրեթե ամեն օր հայ և համաշխարհային գեղանկարչական աշխատանքեր է ներկայացնում Կորյուն Շեկոյանը, դասական երաժշտության մի ամբողջ շարք՝ Վահան Մուրադյանը, գրական հաղորդումներով՝ Բենիկ Ստեփանյանը: Խմբի թարգմանական բաժինը այսուհետև կներկայացնի Աղավնի Գրիգորյանը: Իսկապես, խմբում կյանքը հետաքրքիր է…
Որպես նորարարություն՝ Անի Փաշայանը ստեղծել է նաև «Ընթերցողը» շարքը, որտեղ անդրադարձել է հենց ընթերցողին։ Ներկայացրել, թե ինչպիսին է տեսնում ընթերցողին, որը պատրաստ է կարդալ ժամանակակից գրականություն։ Ինչ է ընթերցողի համար գրադարանը և ինչպիսին է պատկերացնում գրադարանի դերը։ Գրականագետը գրել է նաև գրաքննադատական ստատուսներ և զարմանում է, երբ իրեն հարցնում են՝ կա՞ գրաքննադատություն,- «Ես գրում էի և գրում եմ այն մասին, թե որն է վատ գործը, ի՛նչ է նշանակում ժամանակակից, լավ բանաստեղծություն, ով է գրաքննադատը, գրականագետը, ի՛նչ խնդիրներ ունենք այսօր, իսկ իրենք ինձ նույն հարցն էին տալիս»,- ասում է Փաշայանը։ Այստեղ նա ներկայացնում է նաև «Վեմ« ռադիոկայանի իր «Գրական ընտրանի» հեղինակային հաղորդաշարը:
«Գրականության մասին պետք է հոգանք»
Գրականագետին հաճախ են հարցնում, թե արածն ի՞նչ է, ասում է՝ մենք լուսավորում ենք մութ անկյունները, ապա հիշում Ազատ Գասպարյանի հետ իր համատեղ հաղորդումը, երբ դերասանն ասել է՝ «Պիտի լույս պահել լավ բաների վրա, այսինքն՝պետք է լուսատու դառնալ և ցույց տալ այդպիսի՛ անկյունները»։ Խումբն այսօր հենց այդ էլ անում է, լույս է սփռում գրականության մութ անկյունների վրա։
Խմբի կայացման հարցում ի սկզբանե Անիին օգնության են եկել Հայաստանում չբնակվող գործիչներ նույնպես, որոնք խումբը մինչև այսօր կառավարում են դրսից։ Նրանցից են՝ գրող, հասարակական գործիչ Կարո Արմենյանը, Լուսինե Մյուլերը` գրականագետ, բանասեր Հարութ Գուլուզյանը։
Խմբին օգնել և օգնում են նաև արվեստի տարբեր բնագավառի մի շարք մարդիկ, ովքեր իրենց լուման մինչև այսօր դնում են խմբի զարգացման համար։ Այստեղ կարելի է գտնել երաժշտության, գեղանկարչության, լուսանկարչության, թատրոնի, կինոգիտության և այլնի մասին մեծ տեղեկատվություն, օրինակներ, որը հենց վերոնշյալ լուսավորության մասին է վկայում։
Վահան Արծրունին, ում երաժշտությունը և կատարումները հաճախ են երևում խմբում, ոչ միայն, ցավով նշում է, որ այսօր հատկապես գրականության տիրույթում շատ չարություն կա, որն արմատացած է, և դաշտն էլ ամբողջությամբ պառակտված է, իրենք խմբի միջոցով ցանկանում են դրա դեմն առնել։
«Մեզանում, կարծես, մոդայիկ է դարձել տգեղ բաների մասին գրելը։ Գրել ա-երով, անպայման գրել փողոցի ժարգոնով, փչացնել մեր հայերենը։ Հասկանում եմ, որ գրողը պիտի ընդգրկի ամբողջ կյանքի էությունը, դրա մասին չեմ խոսում, այլ այն, որ կարդալուց հետո էլ մի տեսակ քեզ աղտոտված ես զգում, իսկ հետո մի երկու շաբաթ էլ պետք է, որ էդ աղտը վրայիցդ մաքրես ու մոռանաս»:
Փորձելով հասկանալ նման ոճ կիրառող գրողներին, Արծրունին նշում է, որ ստացել է պատասխան՝ ժամանակակիցը դա է, ապա կարծել է, որ ինքը ժամանակից հետ է մնացել։ Սակայն երբ միջազգային փառատոների ժամանակ լսել է այլ երկրների ժամանակակից գրողների, հասկացել է՝ ամեն դեպքում «կեղտոտ ջրափոսում ենք»։
«Եվրոպայում մենք չլսեցինք էդ աղտի, էդ արհավիրքների, ինքնասպանությունների, բռնաբարությունների, այն ամեն աղտեղությունների մասին, որոնք այսօր մեզ ստիպում և հավատացնում են, որ դա ժամանակակից գրականություն է, իսկ մենք ժամանակավրեպ ենք։ Ուրեմն Եվրոպան չի հասկանում՝ ժամանակակից չէ»,-ասում է խմբի թատրոնի բաժինը ներկայացնող, գրող, թատերագետ Անուշ Ասլիբեկյանը՝ ավելացնելով, որ հենց այդ ժամանակ էլ հասկացել է՝ գրականության իրենց խումբը ճիշտ ուղղությամբ է աշխատում։
Արդեն 6 տարի գործող այս խումբը աշխատում է՝ պահելով մի շարք արժեքներ։ Դրանցից են օրինակ ուրիշների գործերը չյուրացնելը, հարթակների ստեղծումը, որտեղ թև՛ գրողը, թև՛ գրաքննադատը, և թե՛ ընթերցողը կգտնվեն առողջ մթնոլորտում։
Անի Փաշայանը գրական համագործակցության մեջ է Վարդգես Դավթյանի հետ։ Վերջինիս հետ զրուցում են գրականագիտության հարցերի շուրջ և հատկապես գրականության մեջ հոգեբական աշխարհի բացահայտումների։ Զրույցները տեղ են գտնում «Ազգ» օրաթերթում, ներկայացվում խմբում։
Այս տարի խմբի 6-ամյակը նշվեց մարտի 1-ին, ահա այս մտորումներով էին կիսվում միմյանց հետ խմբի վաղեմի անդամներ, գրականագետներն ու անվանի գործիչները։ Այստեղ նոր գաղափարներով ու նոր առաջարկներով ու ինչպես միշտ միհամուռ ջանքերով որոշվեց խումբը զարգացնել ու առավել հասանելի դարձնել ընթերցողին՝ խմբի հիմնական թիրախին։
Խմբի հիմնադիիր Անի Փաշայանն էլ խոսեց իր երազանքի մասին և հույս հայտնեց, որ այն կիրականանա։ Այն է՝ վիպական թատրոնի ստեղծում, որի համար արդեն ծրագիր ունի և Հայ-ռուսական համալսարանի իր ուսանողներից էլ որոշել է սկսել ու բոլորին հասանելի դարձնել։
***
Էն մարդը, որ հայտարարում էր գիրք չեմ կարդում և դա էնպես էլ հպարտ էր ասում, մեկ էլ սկսեց գիրք գրել․․․․․