Թարմ, տնական, առողջ սնունդ: Սրանք են «Ակորդ» ճաշարանի գլխավոր նախապայմաններից ամենահիմնականները: «Ճաշարան»-ի գաղափարը շատ հին է, սովետական ժամանակից եկող գաղափար է, որը միշտ օգնության է հասել աշխատող մարդուն ՝ ընդմիջումների ժամանակ ճիշտ սնվելու և արագ իր գործին վերադառնալու տեսակետից: Մեզ մոտ «ճաշարան» բառը փոքր ինչ վանող բառ է, բայց ես շատ սիրում եմ այդ բառը, քանի որ «ճաշ» բառը յուրաքանչյուր ընտանիքում ամենաշատ օգտագործվող բառն է: Սկսում ենք «ճաշիկ» բառից, երբ երեխան ծնվում է , «ճաշը» պատրաստ է, «ճաշ»-ից հետո և այլն: Ես չեմ խուսափում այդ բառից և մեծ սիրով եմ այդ բառը կիրառում:
Ճաշարանի տնօրեն Արմինե Կոծինյանն ասում է, որ անձամբ ինքն է պատասխանատու մատուցվող ուտելիքների որակի համար, իսկ առաջնային նպատակն է՝ կերակրել մարդկանց տնական, որակյալ և համեղ կերակուրներով, որոնք պետք է տարբերվեին ռեստորանային սննդից և արագ սննդի կետերից: «Սա իմ տունն է, որտեղ ես աշխատում եմ, որ բոլորն իրենց լավ զգան», — ասում է տնօրենը:
Նա պատմում է, որ ճաշարանի մտահղացումը դեռևս 3 տարի առաջ է եղել։ Ճաշարանի բացվելու առաջին տարիները ռիսկային էին, քանի որ այն աշխատում էր, այսպես ասած՝ «մինուսներով»։ Բայց տիկին Արմինեն վստահ էր, որ ամեն ինչ լավ է լինելու: Այդպես էլ եղավ:
Ինչու՞ հենց «Ակորդ»:
«Երբ ուզում էի բացել ճաշարանը, մեկ ամիս շարունակ մտածում էի, թե ինչ անվանում տամ։ Հայկական անվանումներով սննդի կետերն այնքան տարածված էին, որ չէի կողմնորոշվում՝ ինչպես անվանել: Սկզբում մտածում էի, որ մի քիչ դժվար արտասանվող բառ է, տարածված անուն չէ, բայց, տարբեր անուններ մտածելուց հետո, հասկացա, որ «Ակորդը» շատ հարմար տարբերակ է: «Երաժշտության մեջ երեք նոտաների ներդաշնակ համադրությունն է, որ ակորդ է դառնում, այնպես էլ մեզ մոտ՝ որակի, համի և, ինչու չէ, հոտի համադրությունն է ակորդ դառնում: Ավելացնենք գդալ- դանակ-պատառաքաղ եռյակը, ապուր- խավարտ-աղցանը, և ահա ակորդների մի շարք, որը, հուսով եմ, որակյալ երաժշտություն է դառնում մեր հաճախորդների համար»: Անվան հաստատումից հետո ստեղծվեց ճաշարանին համապատասխան լոգոտիպը :
Տիկին Արմինեն երկար տարիներ աշխատել է որպես մանկավարժ։ Խոստովանում է, որ իր համար դպրոցից ճաշարան անցումը շատ կտրուկ է եղել։ Բայց երկու աշխատանքների մեջ նմանություն է տեսնում. հոգևոր սննդին փոխարինելու եկավ առօրյա սնունդը, և երկու դեպքում էլ որակը պետք է գերակայող լինի, հակառակ դեպքում դրական արդյունք ունենալ չի ստացվի: «Իմ նախկին աշակերտները մեծ խանդավառությամբ են գալիս այստեղ: Ծնողները նույնպես շատ են ուրախանում, ասում են, որ մենք հանգիստ ենք ու գիտենք՝ մեր երեխաներին լավ կկերակրեք։ Դա շատ հաճելի է: Երբ ուսանողներն են այստեղ մտնում, ես ուրախանում եմ ներքուստ . տան ուտելիք են ուտելու»,- պատմում է «Ակորդի» տնօրենը և հավելում, որ շատ է ուզում, որ «Ակորդ»-ում ժողովուրդը ճիշտ սնվի:
Ճաշարանը բացվում է ամեն օր ժամը 9։00-ից։ Այստեղ այնքան անմիջական ու տնական է միջավայրը, որ առավոտյան հաճախորդը կարող է մտնել ու ասել. «Ինձ մի հատ ձվածեղ կպատրաստե՞ք»։ Սուրճի և թեյի տարբերակներ ևս կան, որոնց հետ հաճախորդին ճաշարանի կողմից հյուրասիրվում է քաղցրավենիք: Տիկին Արմինեն պատմեց նաև իր ճաշարանի խոհարարի յուրահատկությունների և այն մասին, թե ինչու՞ չունեն հստակ ճաշացանկ: Ասում է, որ իր համար ամենակարևորը խոհարարի գործոնն է, իսկ իր երիտասարդ խոհարարուհին իր խոհանոցի զարդն է: Ամեն ինչ կա, բայց չկա հստակ ճաշացանկ, չկան կրկվող ուտելիքներ: Միակ կրկվող ճաշատեսակները միշտ պահանջված բորշն ու սպասն են, իսկ խավարտներից՝ հնդկաձավարն ու բրինձը: «Մնացածն իմ խոհարարի մտքի թռիչքն է», — ասում է տնօրենը: Այս ամենով հանդերձ, պետք չէ անտեսել այն հանգամանքը, որ միայն խոհարարի հմտությունները բավարար չեն. բավական է չապահովվի մաքրությունը, ժամանակին չհավաքվեն սեղանները, աշխատակիցները բարեկիրթ և բարեհամբույր չլինեն, խոհանոցն այլևս ոչ մեկին չի գրավի: Սա շղթա է, որի յուրաքանչյուր օղակի դերը անփոխարինելի է:
Ճաշարանը մի ամբողջ օր ապահովում է իր հաճախորդներին ամենաորակյալ և բարձրակարգ սնունդով։ Մարդիկ կարող են համտեսել ապուրներ, մսային զանազան կերակուրներ և, որ ամենակարևորն է, կարող են խմել տնական կոմպոտներ, որոնք պատրաստվում են թարմ մրգերից: «Ես այգի ունեմ և շատ մրգեր եմ աճացնում , ու հետո դրանք օգտագործում ենք կոմպոտներ պատրաստելու համար,- ասում է տնօրենը։ Կծու սիրողները ևս կգտնեն իրենց քիմքին համապատասխան ուտեստներ: Մի խոսքով տիկին Արմինեն ամեն ինչ արել է, որ իր «Ակորդում» յուրաքանչյուրը գտնի այն կերակուրը, որը հաճույքով կուտի:
Ակորդում բացառված է անորակ սնունդը. «Ես օրս սկսում և ավարտում եմ այստեղ, համտեսում եմ ճաշատեսակները, և եթե տեսքը, համը կամ հոտը դուրս չգա, ցանկացած պահի կարող եմ հանել հոսքագծից: Դա ինձ համար շատ կարևոր է: Ավելի լավ է մի քանի դրամ կորցնեմ, քան մեկ հաճախորդ»,- ընդգծում է նա:
Տիկին Արմինեն մի շատ հետաքրքիր գաղտնիք բացեց։ Ասում է, որ ինքն անպայման ուշադրություն է դարձնում մարդկանց դեմքի արտահայտությանն ուտելու ընթացքում, որովհետև իր համար շատ կարևոր է հաճախորդի կարծիքը հենց ուտելու պահին: Իսկ դեմքի արտահայտությունից արդեն հասկանում է՝ ճաշը հաճախորդի սրտո՞վ է, թե ոչ։ Այստեղ ամեն ինչ արվում է հաճախորդի համար՝ նույնիսկ ուտելիքը կշռում են հօգուտ նրանց: Կանոն է՝ սպասարկել այնպես, որ հաճախորդի աչքին ափսեի միջինը քիչ չերևա:
Հատուկ պահք պահողների համար կա պահքային սննդակարգ: Հոսքագծի մի ամբողջ հատված հատկացված է հենց պահքային ուտելիքների համար, որ մարդիկ պահքի մեջ լինելով հանդերձ այստեղից գոհ և հագեցած դուրս գան:
«Ակորդում» պահպանվում են սանիտարահիգիենիկ նորմի բոլոր կանոնները: Նույնիսկ կարտոֆիլի ֆրի և կոտլետ պատրաստող սարքերի մեջ ձեթը պարտադիր փոխվում է յուրաքանչյուր 4-րդ օրը: «Դա կանոն է, որն ի սկզբանե դրվել է։ Իմ աշխատողները լավ գիտեն դա: Եթե 4-րդ օրը ձեթը չփոխվի, ես ինձ աշխարհի ամենամեղավոր մարդը կզգամ»: Ընդմիջման ժամերին այստեղ բազմամարդ է լինում, սակայն տիկին Արմինեն ասում է, որ տեղի խնդիր գրեթե չեն ունենում, քանի որ մարդիկ շտապում են՝ ժամերով չեն նստում, արագ ուտում են և վերադառնում իրենց աշխատանքին:
Սրահն ամեն սեզոնին ունի իր ձևավորումը, միշտ կոկիկ է, մաքուր, հանգիստ գունային գամայով, մարդը գալիս է այստեղ ոչ միայն սնվելու այլև հանգստանալու: Ճաշարանում չի թույլատրվում մինչև ժամը 3-ը ծխել, ալկոհոլային խմիչքները ևս բացառված են:
Ճաշարանում մշտապես առկա են թարմ և գեղեցիկ ծաղիկներ, որոնք գրավում են կին հաճախորդների ուշադրությունը և արտաքին միջավայրը դարձնում էլ ավելի հաճելի: «Իսկ ես շատ ուզում եմ, որ կանայք էլ հաճույքով այցելեն, և միջավայրը տրամադրող լինի: Սա իմ տունն է, որտեղ ես աշխատում եմ, որ բոլորն իրենց լավ զգան»,- ասում է տնօրենը:
«Ակորդ»-ում գները միանշանակ մատչելի են: «Ցանկացած տեղ, որտեղ մարդիկ գումար են ծախսում ուտելու համար, պետք է որակով սնունդ լինի: Սա այն տեղն է, որտեղ մարդն ուզում է խնայել իր գումարը, բայց ոչ թե նրա համար, որ չունի, այլ սա այն տարբերակն է, որտեղ իրոք կարող է խնայել»,- ասում է տիկին Արմինեն:
«Ակորդ»-ում գործում են տարատեսակ ակցիաներ ևս: Օրինակ՝ զինվորների համար գործում են մշտական զեղչեր: Կան ակցիաներ՝ մասնագիտական տոներին նվիրված, երբ, օրինակ, բժիշկների տոնին բժիշկ հաճախորդները ուտելիքից օգտվում են 10 տոկոս զեղչով: Յուրաքանչյուր ամսվա վերջին օրը հացը և կաղամբով աղցանն անվճար են մատուցվում:
Ակորդում գործում է նաև առաքում: Պատվիրատուն գալիս տանում է իր պատվիրած ուտելիքը, որը լցվում է մեկանգամյա օգտագործվող տարրաների մեջ: Մոտակա հիվանդանոցների հիվանդատեսերը ևս օգտվում են «Ակորդ»-ից ՝ թարմ, տնական ուտելիք տանելով իրենց հիվանդներին: 5000 դրամից ավել պատվերների դեպքում, առաքումն իրականացվում է ճաշարանի կողմից:
Մենք հոգատար ենք: Մեր մշտական հաճախորդներն այնքան շատ են, որ կարողանում ենք արդեն դուրս գալ այդ պաշտոնական շրջանակներից և սկսում ենք խոսել նրանց հետ ոչ թե որպես հաճախորդ, այլ՝ հարազատ: Կա մի զանգված, որ իրոք մերն է դարձել: Ճիշտ է մարդիկ բազմազանություն են սիրում, այստեղ են գնում, այնտեղ են գնում, բայց մեկ է մեզ մոտ հետ են գալիս, և դա շատ հաճելի է:
« Սա բիզնես չէ ինձ համար, այլ ինչ-որ ներդրում իմ կողմից, որը ծառայում է ժողովրդին»: