«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը երկու ամիս ժամանակ ունի ՀՀ ոստիկանապետ և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներ առաջարկելու համար:
Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար նշանակեց Արման Սարգսյանին, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Էդուարդ Մարտիրոսյանին: Այսինքն, արդեն չորս ամիս է, ինչ այդ պաշտոնները ղեկավարում են պաշտոնակատարները: Սակայն այս իրավիճակը կարող է վեց ամսից ոչ երկար տևել: Մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը սահմանում է. «Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով»: Նույնը վերաբերում է նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքին, որտեղ էլ սույն դրույթն ամրագրված է 23-րդ հոդվածում:
Ստացվում է՝ վարչապետին կողմնորոշվելու համար երկու ամիս է մնացել:
Իսկ ի՞նչն է այս անորոշ իրավիճակի պատճառը: Չի բացառվում, որ վարչապետը չի կարողանում վստահելի անձնավորություններ գտնել ուժային կառույցներում: Թերևս նախկին ղեկավարներ Արթուր Վանեցյանն ու Վալերիյ Օսիպյանն իր համար վստահելի են եղել, և նրանց հեռացումից հետո վարչապետը փաստի առջև է կանգնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: