«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության, և հարցաքննվել է իր, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների գործով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը տևել է 2 ժամ 35 րոպե: Իսկ ի՞նչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել գաղտնալսման գործով: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ որևէ նոր հանգամանք ի հայտ չի եկել, պարզապես մի քանի հարցեր են տվել վարչապետին:
Իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն՝ վարչապետին հարցաքննության հրավիրելու և նրա կողմից կոմիտեում հարցաքննվելու լուսանկար հրապարակելը ակնարկ է եղել գործով անցնող մյուս պաշտոնատար անձանց համար: Մասնավորապես, եթե մյուս գերատեսչությունների պաշտոնատար անձանց այս կամ այն գործով հրավիրեն հարցաքննության, և վերջիններս հրաժարվեն գնալ, ապա վարչապետի հարցաքննության փաստը իրավապահները պետք է օգտագործեն որպես զենք՝ նշելով՝ եթե վարչապետը հարցաքննության է հրավիրվել և գնացել է ՀՀ քննչական կոմիտե, ապա մյուսները իրավունք չունեն հրաժարվել կամ չգնալ նախաքննական կամ հետաքննական մարմին՝ հարցաքննության կամ բացատրություն տալու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: